ԿարևորՍպորտ

Վարդան Մինասյան.«Մեր խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հունիսի 7-ին Մալթայի դեմ կայանալիք ընտրական խաղին ընդառաջ` այսօր լրագրողների հարցերին է պատասխանել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և հավաստիացրել, որ իրենց խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է: Հայաստան-Մալթա հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20:00-ին:

Մեր խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է` անկախ մրցակցից: Եթե ցանկացած խաղ հաղթենք, կմասնակցեք նաև աշխարհի առաջնությանը, Հայաստան-Մալթա հանդիպմանն ընդառաջ այսօր հայտարարեց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Անդրադառնալով թիմի պատրաստվածությանն ու վնասվածքներին, նա նշեց, որ մի փոքր խնդիր ունի Կառլեն Մկրտչյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու Յուրա Մովսիսյանը 1 օր ուշացումով միացավ ազգային հավաքականին: Արդյոք նա ունի հատուկ կարգավիճակ: Վարդան Մինասյանը պատասխանեց, որ հավաքականում ոչ ոք հատուկ կարգավիճակ չունի: Ինչ վերաբերում է Նորայր Ասլանյանին, գլխավոր մարզիչը կարծում է, որ նա ունի պոտենցյալ:

Թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը ներողություն խնդրել հավաքականի թիմակիցներից, Վարդան Մինասյանը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց, որ հավաքականը կարող է հաղթել և կարող է պարտվել, միակ բանը որ մնայուն է, դա լավ մթնոլորտն է: Անդադառնալով առաջիկա խաղին, Վարդան Մինասյանը նկատեց, որ թեև Մալթային հաղթելը հեշտ չէ, իրենք ամեն ինչ անելու են հաղթելու համար և այժմ կենտրոնացած են կոնկրետ այդ խաղի վրա` չմոռանալով, որ Յուրա Մովսիսյանն ունի դեղին քարտ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալի Մալթայի ընտրանուն: Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու 34-ամյա Առնոլդ Հանտերը՝ Հյուսիսային Իռլանդիայից:

Ցուցադրել ավելի
Back to top button