ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Դիլիջան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Դիլիջան-Երեւան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Դիլիջան, որտեղ ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ.–ի հուլիսին: Նախատեսված է հաստատությունը գործարկել 2014 թ.–ի սեպտեմբերին` շինարարական աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին:

Դիլիջանի միջազգային դպրոցի համար մշակված ծրագիրն ընդհանրացնում է աշխարհի` վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոցների փորձը: Նախագծի ֆինասնավորումն իրականացնում է հայկական ծագումով հայտնի ռուս ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը։ Մեզ հետ զրույցում նա անկեղծացավ, որ նման միջազգային կարգի դպրոց Հայաստանում կառուցելու ցանկությունն իր վաղեմի երազանքն էր: Շինաշխատանքներն իրականացնում է «ՌԴ Քոնսթրաքշն մենեջմենթ» կազմակերպությունը` տեղական հայկական շինարարական ընկերությունների ուժերով:

«ՌԴ Քոնսթրաքշն մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Ժուկովն ասաց, որ տեխնոլոգիայի տեսանկյունից կառույցն ունիկալ է` կիրառվել են ժամանակակից բոլոր շինարարական տեխնոլոգիաները` օգտագործելով նաեւ հայկական քարն ու շինարարական ավանդույթները: Շատ բաներ էլ, ըստ նրա, Հայաստանում կիրառվում է առաջին անգամ: Շինարարության վրա առավելապես աշխատում են հայաստանցի շինարարներ:

Դպրոցական, վարչական և բնակելի մասնաշենքերի կարկասն արդեն կանգնած է ամբողջությամբ: Հաշվի առնելով տեղի լանդշաֆտը՝ այստեղ կառուցվելու են նաեւ մարզադահլիճներ և այլ կրթական ենթակառուցվածքներ, նաև` ստեղծագործական կենտրոններ, դեկորատիվ և պտղատու այգիներ։ Արդեն կատարված աշխատանքների եւ հետագա անելիքների մասին ծրագրի պատասխանատուներն այսօր ներկայացրին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ռուբեն Վարդանյանն ասաց, որ աշխատանքները մեծ թափով առաջ են գնում եւ այն, ինչը ծրագրել են ավարտին կհասցնեն 2014 թվականի հուլիսին:

Գալիք տարվա սեպտեմբերին արդեն կրթօջախը կընդունի իր առաջին սաներին: Ռուբեն Վարդանյանի 4 երեխաներից երկուսը կարող են սովորել այս դպրոցում, եթե քննությունները հաջողությամբ հանձնեն: Նրանց տարիքը դրա հնարավորությունը տալիս է: Ասաց, թե չի միջամտի եւ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա:
Կրթական ծրագիրը կունենա հումանիտար և բնագիտական ուղղություններ։ Բացի այդ, շեշտը կդրվի նաև զուգահեռաբար միջազգային կրթություն ապահովելու վրա։ Կարծում եմ, սա շատ կարեւոր նախագիծ է ինչպես Հայաստանի, այնպես էլ` ամբողջ տարածաշրջանի համար` ասաց Ռուբեն Վարդանյանը:

Դպրոցում կրթությունը վճարովի կլինի` նման ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջազգային գներին համապատասխան, սակայն մյուսներից տարբերվող աշակերտների համար կգործի նաև կրթաթոշակների համակարգը։ Կան հայ եւ այլազգի բարերարներ, ովքեր պատրաստ են ֆինանսավորել այստեղի կրթությունը, ուստի դպրոցից անկախ կգործի նաեւ համապատասխան հիմնադրամ` տաղանդավոր երեխաներին հովանավորելու համար` տեղեկացրեց նախագծի հեղինակը:
Դպրոցը նախատեսված է 13–19 տարեկան աշակերտների համար։ Կրթօջախը կարող է ընդունել 650 աշակերտի և 60 ակադեմիական աշխատակցի։

Ցուցադրել ավելի
Back to top button