Հասարակություն

Կայացավ գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ստեղծվել է 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, որը գործում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո: Այն գլխավորում է խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Այսօր կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Դիմելով նիստի մասնակիցներին, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ զորակոչային հանձնաժողովի անդամները մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն այս կարևոր առաքելությունը: Արդեն 8-րդ զորակոչն է, որի ընթացքում ձևավորվում է նման կառույց, որի աշխատանքները թափանցիկ են և բաց են լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առջև, նշեց հանձնաժողովի նախագահը:

Գարնանային զորակոչը կտևի հունիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը: Արդեն իսկ հանձնաժողովը ստացել է 11 դիմում: Գեղամ Հարությունյանը նշեց, որ բողոքների գերակշիռ մասը վերաբերվում է զինակոչիկների առողջական խնդիրներին: Հանձնաժողովը գործելու է մինչև հուլիսի 31-ը Մոսկովյան 5 հասցեում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում: Նիստերը կգումարվեն յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

Back to top button