ԿարևորՏնտեսական

Գագիկ Մինասյան.«2012 թ. բյուջեի կատարողականը արձանագրել է բավական հաջող արդյունքներ»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

2012 թ բյուջեի կատարողականը արձանագրել է բավական հաջող արդյունքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ում օրերս կայացած 2012թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին, նման գնահատում է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:  Նա խոսել է նաեւ տնտեսական տարբեր հարցերի, մասնավորապես գազի թանկացման ու գնաճի հնարավոր նոր ալիքի մասին:

Գազի թանկացումը ՀՆԱ-ի աճի վրա բացասաբար ազդել չի կարող: Այս համոզմանն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա բնական է համարում, որ գազի թանկացումը  կառաջացնի որոշակի գնաճային ճնշումներ, որովհետև գազի գինը որպես բաղադրիչ մտնում է նաև այլ արդյունաբերական ապրանքների գների մեջ: Գնաճային այդ ճնշումները նվազեցվելու ելքը Մինասյանը տեսնում է համալիր ծրագրերի իրականացման մեջ: Գազի գինը հենց սահմանի վրա 30 տոկոսով կսուբսիդավորվի, արդյունքում, ըստ պատգամավորի, մենք գազը կստանանք 189 դոլար գնով:

Մինասյանն այն համոզմանն է, որ դա չի լինի մեր բյուջեի հաշվին, այլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնության սուբսիդավորմամբ: Հանրապետական պատգամավորը միաժամանակ նախորդ տարվա գնաճը համարեց զուսպ, 2012-ի բյուջեի կատարողականի արդյունքները` գոհացուցիչ, իսկ անցյալ տարի ՀՆԱ-ի 1,5 տոկոս աճը` դրական ցուցանիշ:

Մինասյանը բյուջեի կատարողականի տարբեր ցուցանիշերից առանձնացրեց  ու կարեւորեց հատկապես հարկային եկամուտների աճը: «Եթե մեր եկամուտներն աճել են 7 տոկոսով, ապա հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 14 տոկոսով»,-նկատեցԳագիկ Մինասյանը: Նախորդ տարի նախատեսվածից ավելի քիչ են եղել դրամաշնորհները, և մեր եկամուտների աճը եղել է  հենց հարկային եկամուտների  աճի շնորհիվ: Արտահանման աճը գերազանցել է ներմուծմանը ավելի քան 2 անգամ, ինչը միշտ կարեւորվել է կառավարության կողմից: ՀՆԱ աճին զուգընթաց` էականորեն փոխվել է տնտեսության 4 հիմնական ճյուղերի կշիռը ՀՆԱ-ում` նախկինում առանցքային դեր ունեցող շինարարության անկումը շարունակվել է,  փոխարենը 7 տոկոսով աճել է ծառայությունների, 3-ական տոկոսով` արդյունաբերության և գյուղատնտեսության մասնաբաժինը:

Մինասյանն այն համոզմանն է, որ այս դիվերսիֆիկացիան բնական անդրադարձ է ունեցել վարկավորման ոլորտի վրա: Այսօր բանկերն ամենաշատը` շուրջ 23 տոկոսով ֆինանսավորում են արդյունաբերությունը, շուրջ 20 տոկոսով` սպասարկման ոլորտը, իսկ 18 տոկոսը կազմում են քաղաքացիներին տրվող անձնական վարկերը:

Մինասյանին նաև հարց ուղղվեց` Եվրամիություն, թե Մաքսային միություն: Հարցին ի պատասխան պատգամավորն ասաց, որ եթե Մաքսային միությունը մեզ ԼՂՀ-ի հետ միասին պատրաստ լինի հրավեր ուղարկել, դա բավական շահեկան իրավիճակ կարող է ստեղծել հետագա բանակցությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button