ԿարևորՀասարակություն

Սոցիոլոգ.Քաղաքակիրթ վեճի ինստիտուտ Հայաստանում չկա. գործում են սարի օրենքները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ Գորիսում տեղի ունեցած արյունոտ միջադեպով, որի արդյուքնում մեկ սպանված և երկու վիրավոր կա, շարունակում են զբաղվել իրավապահները. Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը:

Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Մինչ իրավապահները շարունակում են զբաղվել կատարվածի մարնամասներով, քաղաքական ու հասարակական շրջանակներում շարունակվում են քննարկումները տեղի ունեցածի պատճառների ու հետևանքների մասին: Դրանք այսօր փորձել են քննարկել ու գնահատել քաղտեխնոլոգ Կաերն Քոչարյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարզպետերին նշանակում և ազատում է Կառավարությունը: Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում առայժմ չի ներկայացրել և հունիսի 2-ի արյունոտ միջադեպից հետո խոսել է ժամանակավերապես՝ մինչև նախաքննության ավարտը Սյունիքի մարզպետի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին: Այս հայտարարությունը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով, ցինիզմի դրսևորում է: Նույն որոշումը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին կարծես ավելի հասկանալի է:

« Ի՞նչ է նշանակում ժամանակավոր դադարեցում, ո՞վ է իրեն տվել այդ իրավուքնը, ինչու պատկան մարմինները այս հայտարարությանը չեն անդրադառնում:
-Ինքը նշել է, որ վերադասի հետ համաձայնեցրել է:
-Կառավարությունն այսօր ասել է, որ հրաժարականի ոչ մի դիմում չի ստացել»:

Կարեն Քոչարյանը չգիտի, թե ինչու է հապաղում վերադասը մարզպետին պաշտոնից հեռացնելու հարցում, ակնակլում է, որ իրավապահներն այս անգամ կբացահայտեն տեղի ունեցածի իրական պատկերը և առավել կարևոր համարում է կատարվածի ոչ այնքան պատճառների, որքան հետևանքների մասին խոսելը: Եթե չլինի արդարադատություն, Հայաստանում, ըստ նրա, ծաղկելու է երկու բան. «Սամասուդի ինստիտուտը՝ մի կողմից, և մյուս կողմից՝ լիսկաների, որոնք քիչ չեն Հայաստանում, այն աստիճան սանձարձակումը, որ կանգնեցնել չի լինելու»:

Ահարան Ադիբեկյանը հետևանքների մասին մտածելու Կարեն Քոչարյանի մտահոգությունը կարծես թե կիսում է: Նա էլ է համոզված , որ առնվազն բարոյական տեսանկյունից Սյունիքի մարզպետը պետք է ոչ թե խոսեր լիազորությունները դադարեցնելու մասին, այլ պետք է հրաժարական տար: Ադիբեկյանը, սակայն, հակված է վերլուծել իրավիճակը փիլիսոփայական տեսանկյունից. հայկական իրականության մեջ քաղաքակիրթ վեճի ինստիտուտն ընդունված չէ, փոխարենն առկա է վեճերը բռնությամբ լուծելու ինստիտուտը:

«Ուրեմն ճիշտ սխալ լինելը, հարցեր լուծելը բարեկրթություն է պահանջում: Մեզանում սարերի օրենքերը դեռ գործում են ու ամենավատը, որ գործում են բարձր պաշտոնյաների շրջանում»:

Ադիբեկյանը տարիներ առաջ հետազոտություն է իրականացրել՝ փորձելով պարզել, թե հանրությունը ինչպես է վերաբերվում Հայաստանում զենքի ազատ վաճառքի հնրարավորությունը: Կողմ է արտահայտվել միայն հարցվածների 17 տոկոսը, մեծամասնությունը դեմ է եղել: Նա իր հետազոտություններից մեկի մասին էլ հիշեց, որը Սյունիքում Սուրեն Խաչատրանի բարձր վարկանիշն է ամրագրել: Սոցիոլոգն անգամ այդ արդյուքների իր բացատրությունն ուներ, ինչին համաձայն չէր քաղտեխնոլոգը:

Ադիբեկյանը բոլոր դեպքերում հակված է սպասել իրավապահների եզրակացություններին ու դեմ է միջադեպի մասնակիցնրին պիտակավորելուն: Քաղտեխնոլոգը իրավապահների հետ հույսեր կապում է, որպես պրագմատիկ մարդ կարծելով, որ ամեն ինչ միանգամից փոխել հնարավոր չի լինի, բայց սառույցը շարժվել սկսել է:

Ցուցադրել ավելի
Back to top button