Մոսկովյան մետրոյում հրդեհ է բռնկվել


Այսօր առավոտյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Օխոտնի Ռյադ» կայարանում ստորգետնյա մալուխ է բռնկվել, ինչի հետևանքով այդ պահին թունելում գտնվող շարժակազմի ուղևորներն այրվածքներ են ստացել: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, վերջին տվյալներով տուժել է շուրջ 45 ուղևոր, որոնցից 4-ին հոսպիտալացրել են: Միջադեպից կես ժամ անց հրդեհն հաջողվել է մեկուսացնել: Գործակալությունը տեղեկացնում է, որ այս պահին չեն գործում կենտրոնական «Լյուբյանկա» և «Կոմսոմոլսկայա» մետրոկայարանները, տարհանվել է շուրջ 4,500 ուղևոր:
Ականատեսների վկայությամբ, մետրոկայարանների մոտ հոծ բազմություն է կուտակվել: Ոստիկանության ներայացուցիչները կազմակերպում են ուղևորների անվտանգ ելքը դեպի քաղաք: Մեծ կուտակումներ պատճառով դժվարությամբ են աշխատում շարժասանդուղքները: Հրդեհի հետևանքով ծանր դրության մեջ են հայտնվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում երթևեկություն իրականացնող վերգետնյա հասարակական տրանսպորտային միջոցները:
Հրդեհի առաջացման հանգամանքները պարզվում են: