ԿարևորՀասարակություն

Մկրտիչ Մինասյան.«Հրապարակը վերակառուցելու հրատապություն չկա»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հանրապետության հրապարակի վերակառուցման համար մրցույթ հայտարարելուն ճարտարապետների միությունը դեմ չէ, սակայն, ըստ նրանց, պետք է մրցույթի ծրագրերը հստակ լինեն, որպեսզի կարողանան ստանալ այն, ինչ ուզում են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ըստ ճարտարապետի` հայտարարված մրցույթը հրատապ չէ: Այն որ հրապարակում նախատեսվում է սատորգետնյա ավտոկայանատեղի կառուցել` երթևեկությունը թեթևացնելու համար, ճարտարապետի կարծիքով չի լուծի հարցը, ընդհակառակը ավտոկայանատեղը հրապարակ կբերի մեծ քանակությամբ մեքենաներ, ասել է Մինասյանը:

Ճարտարապետների միության նախագահի համար անհասկանալի է`թե ինչու Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի ծրագրում նշված չէ, որ Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է, քանի որ հուշարձան լինելու դեպքում, ըստ ճարտարապետի, մոտեցումները տարբեր են: Մկրտիչ Մինասյանի խոսքով` առաջարկվում է հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել` հրապարակում առկա տրանսպորտային խնդիրները լուծելու համար: Տեղերն, ըստ Մկրտիչ Մինասյանի նշված են, սակայն նշված չէ, որ հնագետները պետք է ուսումնասիրեն տարածքը, քանի որ տարածքի տակ կան հնագիտական մեծ շերտեր:

«Դա էր հիմք ծառայում, որ մենք ասենք հայտարարված մրցույթը շատ շտապ արված մրցույթ է, ոչ մեկը չի ասում, որ չպետք է լինի, շատ շտապ է, թերի է, վտանգավոր է իր որոշակի նախադասություններով»:

Ըստ ճարտարապետի` քաղաքապետն ասել է, որ մեր հրապարակները վերանայման կարիք ունեն և նրանց համար էլ պետք է հայտարարվեն նման մրցույթներ:

«Լիովին համաձայն եմ, որովհետև եթե Հանրապետության հրապարակը դեռ ինքնաբավ աշխատում է, բայց կան ասենք թե Շահումյան հրապարակը, որտեղ խնդիրները բազմաթիվ են, մենք դրա հայեցակարգը չունենք, բայց այնտեղ շենքեր են կառուցվում արդեն, դա այն հատված է, որտեղ նախկինում եղել է Սևան հյուրանոցը, մենք դեռ չգիտենք դրա ճակատագիրը և լավ կլիներ, որ մենք օր առաջ իմանայաինք»:

Հրապարակը վերակառուցելու հրատապություն չկա,- ասում է ճարտարապետն ու ավելացնում, որ հրապարակն աշխատում է և մեծ ճանաչում ունի հենց այս վիճակում: Մրցույթի ծրագիրը դեռևս պետք է քննարկվի, քանի որ բացերը շատ են, եթե որոշումը հապճեպ կատարվի, ապա տասը տարվա ընթացքում կատարված սխալներին կգումարվեն տասնապատիկ մեծ ու անուղղելի սխալներ, հավելեց Մինասյանը: Հրապարակի վերակառուցման համար նշանակություն չունի որոշ մասնաշենքների գործառնական նշանակության փոփոխությունը:

Մենք բազմիցս ենք բարձրաձայնել, որ արտաքին գործերի նախարարության շենքը ծառայեցնել որպես հյուրանոց դժվար կլինի, ինչն էլ հետագայում կպահանջի ձևափոխումներ, որն էլ ճարտարապետի ձևակերպմամբ, չի կարելի: Այն, որ Ազգային պատկերասրահը թամանյանական շեղում է, ակնհայտ է, սակայն դնել և փոփոխել Թամանյանից հետո 60 տարվա արվածը, Մինասյանի խոսքով` ուրեմն պետք է քաղաքն ամբողջությամբ վերաձևակերպենք:

Ցուցադրել ավելի
Back to top button