Քաղաքական

Հ.Նաղդալյան.Հայաստանի Եվրասիական միությանը անդամակցելու հարցը ռուսական կողմը կատեգորիկ կերպով չի դրել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձանաժողովի գարնանային նիստի օրակարգը ձևավորվեց ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես լրագրողներին հայտնեց հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմամշակութային կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ռուս խորհրդարականները քննարկել են Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարներին առնչվող հարցը: Ըստ տիկին Նաղդալյանի, ելույթները հատկապես աչքի ընկան իրենց դինամիկայով եւ բարձրացված հարցերի արդիականությամբ` մասնավորապես ներկայացնելով այն իրավիճակն ու վեր հանելով այն խնդիրները, որոնք առկա են այսօր Եվրասիական միության մեջ:

Թեպետ Հայաստանը հանդիսանում է մերձեցման քաղաքականության ակտիվ կողմնակից` ե’ւ քաղաքական, ե’ւ տնտեսական առումներով, այնուամենայնիվ Եվրասիական միության պարագայում կան որոշակի դժվարություններ, որոնց անդրադարձավ ԱԺ փոխնախագահը: Բացի ցամաքային խնդրից կան նաև օրենսդրական տարբերություններ տնտեսական, հարկային և մաքսային ոլորտներում: Ըստ տիկին Նաղդալյանի, ռուսական կողմից կատեգորիկ կերպով չի դրվել Հայաստանի Եվրասիական միությանը անդամակցելու հարցը:

Խորհրդարանի փոխխոսնակը անդրադարձավ նաև Եվրասիական միության և Մաքսային միության որոշակի փոխկապվածության հանգամանքին: Հայաստանի Եվրասիական միությանը մերձենալու ճանապարհին առկա խոչընդոտների մի մասը հնարավոր է լուծել ռուսական կողմի մասնակցությամբ: Ի դեպ, հաջորդ նիստերում հայ և ռուս խորհրդարանականները կանդրադառնան տրանսպորտի և փոքր ու միջին բիզնեսի զարգացաման խնդիրներին:

Back to top button