ԿարևորՀասարակություն

Լարիսա Ալավերդյան.«Մենք պետք է կոչ անենք, որ Սյունիքի մարզպետը հրաժարական տա, իսկ նախագահն ընդունի այն»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ցանկացած իշխանություն ուզում է ունենալ ամուր հենք՝ իր որոշումներն իրագործելու համար: Երբ Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ, հասկացավ, որ ձևավորվել է կրիմինալ, կիսակրիմինալ վերնախավ, որը նույնպես ինչ-որ ֆինանսական կարողությունների պահանջ ունի: Նա ասաց՝ եկեք սկսենք սպիտակ թերթից, ով գնաց նրա դեմ, ոտնահարվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես որդեգրել է նման քաղաքականություն:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, սակայն, 88 թվականից սկսած իշխանությունը նույն թիմի ձեռքում է եւ եթե փոփոխությունների միտում լիներ, ապա մենք պետք է նկատեինք այդ փոփոխությունները: Նրա խոսքով` այսօր իշխանությունն իրեն վտանգում է կրիմինալ պատմությունների մեջ խառնված շրջապատով: «Մենք պետք է կոչ անենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տա, իսկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի այն»,-հայտարարել է նախկին օմբուդսմենը:

Ցանկացած իշխանություն ձգտում է ունենալ բավականին ազնիվ շրջապատ, սակայն մեր իրավիճակում դա կասկածելի հեռանկար է` կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի փոխանցմամբ` մոտիկից իմանալով նախագահ Սերժ Սարգսյանին եւ ուսումնասիրելով նրա գործունեությունը, եզրակացրել է հետեւյալը. «Կարող եմ ասել, որ նա պրագմատիկ է, և որդեգրել է Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, այն է՝ մոռանանք ինչ է եղել, փորձենք հասկանալ ուր ենք գնում եւ ինչ ենք անում»:

Սոցիոլոգի գնահատմամբ` նախագահի շրջապատում նոր սերունդ է գալիս, որին կրիմինալ լինելու մեջ դժվար է մեղադրել: Ըստ Ադիբեկյանի` դա մի գործընթաց է, որը միանգամից չի կարող տեղի ունենալ եւ ժամանակ կպահանջվի: Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ` պրագմատիզմն այն է, որ կուսակցական պատկանելության փոխարեն նախապատվություն են տալիս մասնագիտական պատրաստվածությանը:

Հարցին՝ միթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չունի իր ոլորտում իրեն հավասար, Ահարոն Ադիբեկյանը նախ նշեց, թե ինքը քննիչի, դատավորի դեր չի կատարում, ապա հավելեց, որ վերջինը մեծ աշխատանք է կատարել. «Մենք հարցում ենք արել մարզում, նրանից դժգոհել են մարդիկ, ովքեր չեն ունեցել աշխատանք: Կարող է՝ գործել է պատերազմ տեսած զինվորի հոգեբանությունը, մենք պետք է նախևառաջ իմանանք, ո՞վ է եղել հարձակվող և պաշտպանվող կողմը, սակայն ամեն դեպքում, զենքը կիրառել հարցեր լուծելու համար, անթույլատրելի է, դրա համար կան հազար այլ միջոցներ` սկսած դատավորից մինչև հեղինակավոր մարդիկ»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, համոզված է, որ պատասխանատու պաշտոններ չպետք է տալ նրանց, ովքեր ունեն պատերազմ տեսածի հոգեբանություն:

Նախկին օմբուդսմենի գնահատմամբ` քսան տարի է անցել ազգային վերելքի ժամանակվանից, սակայն այդ ժամանակահատվածն ու այդ վերելքը չի օգտագործվել հօգուտ իրավական պետության կայացման. «Կամ մեր քաղաքական վերնախավը ունակ չէր այդ վերելքը օգտագործել հօգուտ իրավական պետության կայացմանը, կամ չեն ուզում անել, կամ ուղղակի օրինազանց են: Գործող նախագահը նոր հիմքեր չի դրել, այլ շարունակում է այս նույն տխուր մեթոդները, մոտեցումները, ընկերական հարաբերություններին զոհ լինելը»:

Չի կարելի զոհաբերել մի ողջ ազգ, մի երկիր ընկերական հարաբերությունների` ձեւակերպեց նախկին օմբուդսմենը: Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով` հանցագործությունը մարտահրավեր է եւ գործող նախագահին եւ նրա` նոր սերնդի շրջապատի ներկայացուցիչներին, իսկ որ հին սերնդին փոխարինողներ կան, ի տարբերություն սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանի, Լարիսա Ալավերդյանն ամենեւին չի կասկածում. «Ինչո՞ւ ոչ, չունե՞նք նոր սերունդ, մենք ունենք նոր սերունդ, նոր ոգով դաստիարակված անձինքն են»:

Հետեւաբար, նախկին օմբուդսմենի ձեւակերպմամբ, այլեւս չի կարելի նման ձեւով շարունակել, չի կարելի շքանշան տալ` խրախուսելով որեւէ անձի, ում անունը խառնված է կրիմինալ պատմությունների: Ընկերական հարաբերությունները դարձել են ծուղակ` շարունակեց Ալավերդյանը` շեշտելով, որ եթե եթե տղամարդիկ դժվարանում են, ապա պետք է թույլ տալ, որ դա անեն կանայք:

Ցուցադրել ավելի
Back to top button