ԿարևորՀասարակություն

Բնապահպանի օրը բնապահպանական խնդիրներին է անրդարձել ոլորտի պատասխանատուն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աշխարհում այսօր նշվում է բնապահպանի օրը: Հայաստանն այդ տոնին միացել է 2004 թվականից: Այսօր այն նշվել է ոչ թե բնության թանգարանում, ինչպես սովորաբար կազմակերպվում էր, այլ բուսաբանական այգում, որտեղ խնդիրների պակաս չի նկատվում: Ի սկզբանե, հայտարարվել էր, որ բուսաբանական այգի պետք է այցելի նաև հանրապետության վարչապետը, սակայն, այգի է հասել Տիգրան Սարգսյանի ուղերձը, որն ընթերցել է վարչապետի օգնականը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օրվան համահունչ շնորհավորանքներ է հնչեցրել, բուսաբանական այգու տարածքով հեծանիվ քշել, հետո արդեն պատասխանել լրագրողների ինչպես տոնական, այնպես էլ ոչ տոնական հարցերին:

Շնորհավորանքներ ՝ բնապահպանի օրվա առիթով: Չնայած օրը տոնական է, սակայն, ոլորտում այնքան խնդիրներ կան, որոնց պարզապես հնարավոր չէ չանդրադառնալ: Բնապահպանի օրն այս տարի նշվեց Երևանի բուսաբանական այգում, որտեղ ջանք ու եռանդ չէր խնայվել՝ տոնական մթնոլորտ ստեղծելու համար: Ավելին, այստեղ էին նաև ակտիվիստ այն բնապահպաններից մի քանիսն, ովքեր ողջ տարին, ակտիվորեն քննադատում էին ու հատկապես բնապահպանության նախարարությանը: Ինքը՝ բնապահպանության նախարար Արամ Հարությանյանն ինչպես նախկինում , այսօր էլ հայտարարեց, որ քննադատություններին նորմալ է վերաբերվում, ավելին, չբացառեց, որ մի օր ինքն էլ որևէ ակցիայի մասնակից դառնա.«Եթե դուք շատ լավ ակցիա կազմակերպեք, ես անպայման կմասնակցեմ, և ես դեմ չեմ նաև քննադատություններին»:

Բուսաբանական այգին, որտեղ նշվեց բնապահպանի օրը, բազմաթիվ խնդիրներ ունի: Այգին այս տարի նշում է ստեղծման 75-ամյակը, շուրջ հինգ հազար անուն հավաքածու ունի: Բուսաբանական այգին ըստ էության համարվում է բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանում, այսնիքն բուսաբանական այգին ինքնուրույն իրավաբանական կարգավիճակ չունի, 80 հա տարածք Երևանում է, 20 հա էլ Վանաձորում ու Սևանում: Ընդհանուր առմամբ, 100 հա տարածք ունեցող բուսաբանական այգին ամենօրյա ուշադրություն ու ֆինանսական ներդրում է պահանջում: Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը գիտի՝ ակադեմիական ինստիտուտի շրջանակներում խնդիրները հնարավոր չէ լուծել:

«Մոտ հինգ կմ պարագծով պարիսպ ունի, որը պետք է վերանորոգել, մոտ հինգ ամիս տևողությամբ կիսանապատային կիսաանապատային գոտում ենք գտնվում, հինգ ամիս ոռոգման շրջան ունի: Ջերմատները արևադարձային բույսերի համար ձմեռը պետք է ջեռուցվեն, ամառը փորձում ենք ոռոգել, բայց այդ գումարներով լիարժեք, պատշաճ մարակդակով պահպանել անհնարին է»:

«Փորձում ենք միջազգային կազմակերպությունների միջոցով լուծել խնդիրները, անգամ թանգարան ստեղծել»,- ասում է այգու տնօրենն ու բնապահպանության նախարարությանը շնորհակալություն հայտնում, որ գոնե այս օրն իրենց հետ են նշում:
Նախկինում 250 աշխատող ունեցող բուսաբանական այգում այսօր մնացել է աշխատողների մեկ երրորդը միայն, այստեղ նաև սերնդափոխության խնդիրներ կան. «Որակական, տարիքային տեսակետից, խնդիր ունենք, որովհետև հին, էնտուզիաստ, խոշոր մասնագետները կենսաթոշակային տարիքի են, իսկ երիտասարդները դժվար են գալիս բոլորիս հայտնի պատճառով»:

Հայտնի պատճառը ցածր աշխատավարձն է, այստեղ այն սկսվում է 40 հազար դրամից: Զրուցակիցս մի պարզ, սակայն, տխուր համեմատություն անցկացրեց Երևանի բուսաբանական այգու բյուջեի ու եվրորպացի երկու գիտնականի աշխատավարձերի միջև. «Ես տարբեր եվրոպական, առաջադիմական երկրներում եղել եմ, այնտեղ բուսաբանական այգու ֆոնդը շատ ավելի շատ է, քան մերը: Վերջին ակադեմիական ժողովի ժամանակ մեր գործընկերներից մեկը ասաց, որ այնտեղ երկու կարգին գիտաշխատողի տարեկան աշխատավարձը շատ ավելի շատ է, քան մեր որևէ ինստիտուտի բյուջեն, այ մոտավորապես այդքան: Մենք հիսուն-վաթսուն տարվա ծերության բյուջե ունենք, ցանկապատ ունենք, խողովակաշար ունենք ոռոգման, որը շատ է քայքայված, այդպես խնդիրները կուտակված են: Մենք տարեկան 100 մլն դրամ ենք ստանում ինստիտուտ-այգի միասին վերցված»:

Ներկայավածը խնդիրների մի մասն է միայն, իսկ այն, որ մեր երկրում բնապահպանական խնդիրների պակաս չկա, կարծում ենք, գիտեն նաև ոլորտի պատասխանատուներն ու ոչ միայն: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն օրինակ կարծում է, որ պետք է բնություն-մարդ համագործակցությունը ճիշտ ապահովել: Ի դեպ, Արամ Հարությունյանն այսօր բուսաբանական այգու տարածքում հեծանիվ վարեց, խոստովանեց, որ շատ է սիրում հեծանիվ վարել: Շաբաթը մի քանի անգամ նախարարին կարելի է հեծանիվ վարելիս հանդիպել Հաղթանակ զբոսայգում, համենայնդեպս, նա այդպես ասաց: Բացի այդ, «Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մենք մտածում ենք և ավտոճանապարհներին այդպիսի հեծանվային ուղու համար հնարավորություն ունենանք, բայց մինչև դա մենք ուղղակի ուզում ենք բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ հնարավոր է հեծանիվների կազմակերպում, կազմակերպել, զորօրինակ այստեղ, այգիներում, Հրազդանի կիրճում»:

Այսօր նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ու բնապահպանության նախարարը դրամաշնորհային՝ 1 միլիոն 200 հազար եվրո արժողությամբ նոր ծրագրի պայմանագիր ստորագրեցին: Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանում: Հիմնական բաղադրիչը կլիմայի փոփոխության արդյունքում մեղմացման ու հարմարվողականության աշխատանքներին, արոտավայրերին, էկոհամակարգերի ամբողջականությանն է վերաբերելու:

Ցուցադրել ավելի
Back to top button