ԿարևորՀասարակություն

Արաբագետ.Թուրքիայում տեղի է ունենում այն, ինչ հետմուբարաքյան Եգիպտոսում

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

«Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները չի կարելի բնորոշել մեկ ուղղությամբ: Այն բազմաշերտ է, վերջին տարիներին երկրի ներսում կուտակված խնդիրների փողոցային պոռթկումն է»,- հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Թուրքիայի զարգացումների մասին: Նրա կարծիքով`դրանք իրենց ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա, առաջին հերթին` Ադրբեջանի: «Այդ երկրում կուտակված խնդիրները կարող են հանգեցնել թուրքական զարգացումների կրկնության»,-ասել է թուրքագետը, որի կարծիքով` ադրբեջանական իշխանությունները դա հասկանում են և բավականին մտահոգված են: Թուրքիայում ծավալվող իրադարձություններին նաև արաբագետ Արմեն Պետրոսյանն է անդրադարձել: Արաբագետ Արմեն Պետրոսյանը միանշանակ չի համարում փորձագիտական շրջանակներից հնչող կարծիքները, թե Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները արաբական գարնան կրկնությունն են: Նա առնվազն երկու առանցքային տարբերություն է նշում:

Արաբագետը հակված է կարծել, որ իրականում Թուրքիայում տեղի է ունենում այն, ինչ հետմուբարաքյան Եգիպտոսում: Արաբագետը հիշեցնում է, որ Եգիպտոսի նոր նախագահը` Մուհամեդ Մուրսին նույնպես հանդես այնպիսի քաղաքականությամբ, որը լուրջ դժգոհություններ առաջացրեց հասարակության տարբեր շերտերի մոտ:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը նկատում է, որ շարժումն աստիճանաբար վերափոխվում է մեկ այլ տեսակի, բողոքի գործողություններին ներգրավվում են նաև ինստիտուցիոնալ կառույցներ, օրինակ` արհմիությունները: Թուրքագետն ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ տարբեր տարիներին քաղաքական զարգացումներում արհմիությունները լուրջ դեր են խաղացել: Լևոն Հովսեփյանն արդեն փաստ է համարում այն, որ շարժումը լուրջ խնդիրներ է ստեղծել էրդողանի գլխավորած կառավարության համար և լուրջ ազդեցություն է ունենալու հետագայում Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա:

Լևոն Հովսեփյանը կարծում է, որ շարժումը չի մարի, գուցե անկարգությունները դադարեն, բայց քաղաքացիական բախումների հեռանկարը, ըստ նրա, բացառված չէ: Այս համատեքստում նաև հիշեցնում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչներից մեկի վտանգավոր այն հայտարարությունը, որ կարող են փողոց դուրս գալ և ուժ ցույց տալ նաև իրենց համակիրները: Կգնան արդյոք թուրքական իշխանություններն այդ ծայրահեղ քայլլին, առաջիկայում թուրքագետը դա հավանական չի համարում, բայց չի բացառում հետագայի համար: Իշխանությունը հիմա փորձում է հանդարտեցնել շարժումը` այն ներկայացնելով որպես արտաքին ուժերի կողմից հրահրված: Այս շեշտադրությամբ հոդվածներով հեղեղված է նաև թուրքական մամուլը:

Արաբագետը նկատում է, որ թուրքական իշխանությունները լուրջ դասեր են քաղել արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումներից: Նա բերում է Սիրիայի օրինակը, որի նախագահը նույնպես ներքին ընդվզումները որպես արտաքին դավադրություն է ներկայացնում սիրիական ճգնաժամի հենց առաջին օրերից` այդ կերպ արդարացնելով իր գործողությունները ցուցարարների դեմ: Եթե Թուրքիայում բողոքի ակցիաները զարգանան արաբական երկրների օրինակով, ապա Էրդողանը նույնպես Ասադի պես մինչև վերջ կգնա, համոզված է արաբագետը: Նրա կարծիքով` Թուրքիայում հետագա զարգացումների հարցում պետք է հաշվի առնել հարևան պետությունների դիրքորոշումը: Սիրիայի օրինակն աչքի առաջ ունենալով` ոչ մի հարևան չի ցանկանա, որ իր քթի տակ տեղի ունենան այդպիսի զարգացումներ, ամփոփում է արաբագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button