ԿարևորՏնտեսական

ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է «Կուրացիո» ընկերությանը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/040613tmpph.mp3

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր 10 միլիոն դրամով տուգանել է դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը` գերիշխող դիրքի չարաշահման համար: Հանձնաժողովն այսօր իր նիստի ժամանակ սպառողներին մոլորեցնող գովազդի համար էլ օրենքի թույլատրած ամենախիստ պատիժը` տարեկան հասույթի 1 տոկոսի չափով տուգանք է կիրառել «Ռիչ քոմփյութերս» համակարգիչների խանութի հանդեպ: Հանձնաժողովում ներկայացվել է նաեւ «Հայջրմուղկոյուղու» հանդեպ վարչական վարույթի արդյունքները, որոնցով փաստվել է` ջրամատակարար ընկերությունն անօրիանական գործողություններ է իրականացրել:

Դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է էնտերալ զոնդային սննդի ներկրմամբ: Սա սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հատուկ հեղուկ է, որի ներկրման իրավունքը այս ընկերությունը ձեռք է բերել մրցույթով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջերս դեղորայքի ներկրմամբ զբաղվող մեկ այլ՝ «Բեյբի Սիմ» ընկերությունից ստացել է բողոք այն մասին, որ «Կուրացիո»-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների:

Հանձնաժողովի հարուցած վարույթն ապացուցել է ոչ միայն ստացված բողոքի ճշմարտացիությունը, այլեւ այն, որ տարիներ շարունակ այս ընկերությունը չարաշահել է ոլորտում միակը լինելու իր հնարավորությունները եւ ծանր հիվանդների համար խիստ կարեւոր դեղամիջոցի համար սահմանել խելամիտից շատ ու շատ հեռու գներ:
Ընդ որում` այս ընկերությունը նաեւ խորամանկ քաղաքականություն է վարել: Մրցույթի միակ մասնակիցը լինելու դեպքերում իր առաջարկը ներկայացրել է չափազանց թանկ գնով, սակայն մրցակցի հայտնվելու դեպքում անմիջապես կտրուկ իջեցրել իր առաջարկած գինը եւ այդպիսով կրկին շահել մրցույթը: Սակայն հետագայում հիվանդանոցներին, դեղատներին տրամադրվող էնտերալ զոնդային սննդի գինը ոչ մի կոպեկով չի նվազել, անգամ այն դեպքում, երբ միջազգային շուկայում այն էժանացել է ընդհուպ մինչեւ 80 տոկոսով:

Եւ սա այս ընկերության հանդեպ միակ պատժամիջոցը չէ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղցեկացրեց, որ պետական գնումների մասին օրենքում կատարված փոփոխությունները թույլ են տալիս հակամրցակցային ցուցաբերած ընկերություններին ընդգրկել այսպես ասած «սեւ ցուցակում»` դրանց մի քանի տարով զրկելով պետգնումներին մասնակցելու հնարավորությունից: Դեղեր ներկրող եւ իրացնող «Կուրացիո» ընկերությունն, օրինակ, 3 տարի չի կարող պետական գնումների մրցույթների մասնակցել: Շաբոյանը հույս հայտնեց, որ այլ տնտեղվարողների համար սթափեցնող ազդեցություն կունենա ինչպես այս, այնպես էլ «Ռիչ քոմփյութերս» համակարգիչների խանութի հանդեպ կիրառված պատժամիջոցը:

«Ռիչ քոմփյութերս»-ի դեմ ստացված բողոքների հետքերով գնալով հանձնաժողովը պարզել է, որ այն այդ խանութը սպառողներին մոլորեցնող գովազդ է տարածել` խոստանալով ապառիկով համակարգիչներ վաճառել շատ հեշտ ընթացակարգով` միայն սոցքարտով եւ անձնագրով ներկայացողներին: Սակայն արդեն խանութ այցելողներից պահանջել է թե աշխատավարձի տեղեկանք, թե վարկային պատմություն: Չնայած ընկերության ներկայացուցիչն արդարացավ, թե շատ այցելուներ հենց այդ հեշտ ընթացակարգով էլ ձեռք են բերել համակարգիչ, հանձնաժողովը հիմք ընդունեց նիստին ներկա քաղաքացու բողոքը:

Չտուգանվեց, սակայն զգուշացվեց նաեւ «Հայջրմուղկոյուղին»: Այս ընկերությունը անհիմն ջրազրկել է «Ապամեկուսիչ» ընկերությանը, քանի որ ներկայացրել է ջրաչափի ցուցմունք, որը ընկերությունը չի ընդունել ու հայտարարել, թե իրենք այդքան ջոր չեն սպառել: Հենց հայջրմուղի սխալ մոնտաժման հետեւանքով այս ընկերությունում ջրի վթար է եղել, իսկ ջրազրկման հետեւանքով նույն ընկերությունը հսկա վնասներ է կրել: Սա էլ ամենը չէ: «Հայջրմուղկոյուղին» ապամոնտաժել է ընկերության ջրի հաշվիչը, այնինչ դրա իրավունքը չունի. հաշվիչն ընկերության սեփականությունն է: Հանձնաժողովի միջամտությամբ Հայրջմուղը շտապել է լուծել ընկերության խնդիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button