ԿարևորՔաղաքական

Ջոն Քերի. ԱՄՆ-ն շահագրգիռ է Հայաստանին և Ադրբեջանին օգնելու հարցում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շահագրգիռ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին, պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ջոն Քերին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:

«Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի կայունությանը, որն անհրաժեշտ է կարգավորել: Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լրջորեն շահագրգռված է աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին ու առաջ ընթանալու խնդրի կարգավորման գործում: Չենք ուզում վերդառնալ պատերազմի ու հակամարտության: Հավատում եմ, որ կա առաջ ընթանալու ճանապարհ, և մենք շարունակելու ենք հանգիստ ու համբերատար աշխատել խրախուսելու կողմերին վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկելու հարցում, որը ճանապարհ կհարթի դեպի հակամարտության կարգավորմանը», — ասել է Քերին:

Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս գտնվում է Միացյալ Նահանգներում: Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Back to top button