ԿարևորՀասարակություն

Արվեստագետ.Մինչեւ ե՞րբ պետք է լռենք

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Գորիսում ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական սպանությունների մասին են այսօր խոսել Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու երգիչ-երգահան Վահան Արծրունին: «Երբ հենարան ենք ընտրում կրիմինալը, պարզ է, որ Գորիսի միջադեպն այդպիսի ավարտ էր ունենալու»,-ասել է Ռուբեն Բաբայանը:

«Ամեն նման դեպքից հետո հասկանում ենք, որ արժեքների անկումն ընդհնարական է»,- իր հերթին նկատել է Վահան Արծրունին: Նա դեռ չունի հարցերի պատասխանը` մինչև երբ ենք լռելու և ինչ պետք է անել:

«Կրիմինալն ամեն տեղ է, բայց երբ մի ամբողջ երկրում հենարան է ընտրվում հենց այդ տարրը, պարզ է, որ Գորիսում վիճաբանության վերջը դա էր լինելու»,- խոսելով Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի մեկին տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին` ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Երբ ընդհանուր մթնոլորտն է այդպիսին, նման դեպքերը կարող են լինել եւ ռազմական ակադեմիայում, եւ մանկապարտեզում և այլուր»,- հավելեց Ռուբեն Բաբայանը:

Նա ցավով նկատեց, որ այսպիսի դեպքերը սովորական են դառնում, քանի որ հիմա հարցերն այդ կերպ են լուծվում: Ի դեպ, Բաբայանի կարծիքով` Գորիսի միջադեպը տնտեսական հիմք ունի: «Հայաստանում այսօր հանքերի կռիվ է գնում, և այդ հանքերի համար կարող են իրար կոկորդ կրծել»,-նկատեց:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը համոզված է` եթե փոքր հանցագործությունները կանխվեին, այս մեծը տեղի չէր ունենա, իսկ մենք ներում ենք, քանի որ իշխանության ենք գալիս ոչ թե օրենք գրելու, այլ օրենքը շրջացնելու համար: Ռուբեն Բաբայանի կարծիքով` Սյունիքի մարզպետին պետք է ձերբակալել: Նա Խաչատրյանի ժամանակավոր հրաժարականի մասին հայտարարությունը գնահատեց ծաղրածուի հայտարարություն:

Ինչպես իրավիճակ փոխել: Ռուբեն Բաբայանն առաջարկեց մոռանալ ընտրությունների միջոցով որևէ բան փոխելը` Հայաստանում: Կա երեք տարբերակ: Առաջինը, ըստ Բաբայանի, արաբական գարնան ճանապարհն է, որը, սակայն, մեր դեպքում ահավոր հետևանքներ կարող է ունենալ: Երկրորդը վերևից կտրուկ փոփոխությունների իրականացումն է. իշխանական բուրգում հայտնվում է անձնավորություն, որը հասկանում է` ժամանակ քաշելով հնարավոր չէ երկիրը ղեկավարել: Բաբայանը հակված է վերջին տարբերակին, ոչ թե նրա համար, որ ինչպես ինքն է ասում` նուրբ զգացումներ ունի իշխանության նկատմամբ, այլ դա է համարում միակ ռեալ ճանապարհը: Եվ վերջապես երրորդ ճանապարհը` վերականգնվում է Սովետական Միությունը, Հայաստանը չի մտնում Ռուսաստանի կազմի մեջ, լինում է ձևականորեն անկախ երկիր, բայց բոլոր հարցերը լուծվում են Կրեմլում:

Երգիչ-երգահան Վահան Արծրունին ամեն նման դեպքից հետո հասկանում է, որ արժեքների անկումն ընդհնարական է: «Սրա վերջը լինելու է այն, որ բնակչությունը մի օր կհրաժարվի կառավարությունից, իսկ դրանից կես քայլ է նաև պետականությունից հրաժարվելը»:
«Մինչեւ ե՞րբ մենք պետք է լռենք, երբ հանցագործություն է տեղի ունենում, որտե՞ղ է այդ սահմանը: Ինչ պետք է անենք, ինչպես մեզ ճիշտ դրսևորենք որպես մարդ: Սա բարդագույն խնդիր է, որը մեր հայրենակիցների հսկայական զանգված լուծում է շատ պարզ` ճամպրուկները հավաքելով, այսինքն հնարավորինս ուզում է շուտ պրծնել այս հակասությունների դաշտից, նախընտրում է այլ երկրների հակասությունների մեջ մտնել, այնտեղ ինքն օտար է և պատրաստ է ամեն ինչ հանդուրժել: Իսկ այստեղ որքան էլ բթացած լինենք, միևնույնն է, սա մեր հայրենիքն է և մենք ծանր ենք տանում»:

Վահան Արծրունու կարծիքով` Հայաստանում կառավարման ճգնաժամ է: Մեր երկրում կառավարում չի եղել առաջին երկու նախագահների իշխանության տարիներին, չկա նաև հիմա: Կառավարման հիմքում օրենքն է առաջին հերթին, դրա համար պետք է նաև խելք, թիմ, մինչդեռ այսօր, երգահանի ձևակերպմամբ, գործ ունենք իշխելու հետ: Դրա համար շատ բան պետք չէ` նյութական ռեսուրսները վերաբաշխելու լծակներ, նաև բանակ ու ոստիկանություն: Վահան Արծրունին այսօր կառավարելու հնարավորությունը սպառված է համարում:
Ռուբեն Բաբայանն ավելի լավատես է: Կարծում է` իշխանության բուրգում կլինեն այս իրավիճակից դժգոհներ, պարզապես չգիտեն` ինչպես գործել: Տարբեր երկրների փորձը Բաբայանին հուշում է, որ փոփոխությունների ժամանակը գալիս է:

Ցուցադրել ավելի
Back to top button