Հասարակություն

yeritasardakan.com-ն առաջարկում է գրքերի առցանց գնումներ՝ առանց որևէ միջնորդավճարի կամ սպասարկման վճարի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի ստորգետնյա անցումներում գրախանութները փակելուց հետո գիրք վաճառողների համար այլ հնարավորություն է բացվել. “yeritasardakan.com” հասցեով գործող կայքն առաջարկում է գրքերի առցանց գնումներ՝ առանց որևէ միջնորդավճարի կամ սպասարկման վճարի: Կայքի հիմնադիր-համահեղինակ Լեւոն Մանուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ իրենց նպատակն է խթանել գրքի վաճառքի մշակույթի հաստատումը և ընթերցողների թվի ավելացումը: Այս քայլով կայքի հիմնադիրները այս նախաձեռնությամբփորձել են իրենց մասնակությունը ցուցաբերել Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքին:

Մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով «Երիտասարդականի»  գետնանցումի գրքերը սկսել են կրկին վաճառվել, այս անգամ սակայն այլ ֆորմատով` վիրտուալ: Արդեն 2 ամիս գործող yeritasardakan.com կայքում գտնելով ձեզ անհրաժեշտ գիրքը՝ կարող եք գնել այն: Կայքում ներկայացվում են այն գրավաճառների գրքերը, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ աշխատում էին Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կայքի հիմնադիր-համահեղինակ Լեւոն Մանուկյանը «yeritasardakan.com»-ում կան հարյուրավոր գրքեր:
Խնդիրն այն է, թե որքանով է հասարակությունը տեղեկացված վիրտուալ տոնավաճառի և yeritasardakan.com կայքի մասին: Ինչպես պարզեցինք գրավաճառների հետ զրույցում, կայքն այքան էլ արդյունավետ չի գործում գրքերի վաճառքի առումով, հետևաբար հասկանալի դարձավ, որ հանրությունն այնքան էլ տեղեկացված չի գրքի վաճառքի մշակույթի մասին:
Այսպիսով կայքն իրեն դեռևս այնքան էլ չի արդարացնում: Հիշեցնենք, որ գետնանցումից տեղահանվելուց հետո գրավաճառներին առաջարկվել էր այլ տարածք ` Մաշտոցի պուրակի կամ էլ այսպես կոչված` «Ձկան խանութի» հարևանությամբ գործող գետնանցումում, որը սակայն, դարձյալ նրանց սրտով չէր: Դե իսկ քանի որ քաղաքապետարանի առաջարկած որևէ տարբերակ հարմար չէր գրքերի վաճառքի համար, գրավաճառներից շատերը փորձեցին ամեն մեկն իր համար մի առանձին տարածք վարձակալել:
Այսպիսով քանի դեռ մայրաքաղաքում գրքի շուկայի խնդիրը լուծված չէ, «Երիտասարդական» կայարանի գետնանցումի գրավաճառները այսպես ասած ապաստան են գտել մայրաքաղաքի տարբեր անկյուններում և փորձում են գրքի շուկա ստեղծել գոնե վիրտուալ աշխարհում:

Ցուցադրել ավելի
Back to top button