ԿարևորՀասարակություն

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է ներկայացրել

Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները ճշտելու համար ծառայողական քննություն է իրականացվում, ինչից հետո կքննարկվի ինստիտուտի ղեկավարի հրաժարականի դիմումը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին դեպքից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Փաստինֆո գործակալության հաղորդմամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում պաշտպանության նախարարությունը հեռախոսագիր է ստացել, որ նույն օրը` ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն), կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:

Արմեն Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաեւ, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարների, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երևույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: Նախարարը  հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն և պատժել բոլոր մեղավորներին:

Back to top button