Հասարակություն

Սուրեն Խաչատրյանի տունը խուզարկվում է

Հունիսի 2-ին  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը` վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է,  եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ տեղափոխվել են Երեւան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում):
Իրավապահներին հաջողվել է արդեն պարզել դեպքերի զարգացման ժամանակագրությունն ու ընթացքը: «Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իրադարձությունների հանգուցալուծումն ամբողջությամբ տեսագրված է:
Կրակոցները տեղի են ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ, որտեղ առկա են տեսախցիկներ, որոնց միջոցով էլ ամեն ինչ արձանագրվել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեսագրություններն արդեն առգրավվել են եւ հետազոտվում են նախաքննական մարմնի կողմից; Տեսագրության համաձայն՝ Բուդաղյան եղբայրները իրենք են եկել մարզպետի տան մոտ եւ առաջացած վիճաբանության ժամանակ, ըստ տեսագրության, առաջինը կրակել է Արտակ Բուդաղյանը:  Փոխադարձ կրակոցների հետեւանքների մասին արդեն հայտնի է:
Ներկայումս խուզարկություններ են կատարվում մի շարք անձանց բնակարաններում, այդ թվում` Սյունիքի մարզպետի տանը:
Հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ցուցադրել ավելի
Back to top button