Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրիանիայի հաշմանդամ երիտասարդները միջազգային մարաթոնի կմասնակցեն


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հայկական «Կարմիր Խաչ» ընկերությունն ու Ռուսաստանի «Ապարրել» ասոցիացիան հունիսի 2-ից 9-ը Երևանում կազմակերպում են «Համագործակցություն -2013» խորագրով միջազգային մարաթոն, որին կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրիանիայից հաշմանդամ երիտասարդներ: Մասնակիցներն ԱՊՀ երկրներում անցկացված տարբեր մրցույթների մրցանակակիրներ են, որոնց թվում է նաև սայլակով հաշմանդամների աշխարհի գեղեցկուհի Քսենյա Բեզուգլովան:
Ռուսաստանի «Ապարրել» ասոցիացիան նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ծրագիրը Հայաստանում ներկայացնելու խնդրանքով: Նշենք, որ ծրագրի շրջանակներում հաշմանադամ երիտասարդները պետք է ներկայացնեն իրենց երկրի նմանօրինակ երիտասարդների առջև ծառացած խնդիրները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող երիտասարդական ՀԿ-ները կազմակերպում են յոթօրյա այս ծրագիրը:
«Ծրագիր մեր կարծիքով այս խմբի մարդկանց համար պատկանում է աննախադեպ ծրագրերի շարքին, որովհետև մենք շատ ենք խոսում ինտեգրացիաներ և ինտեգրման մասին և փաստորեն այս խավը ներկայացնող մարդկանց ինտեգրման գործընթացները մի փոքր դուրս էին մնացել մեր ծրագրերից»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը համակարգող Կարեն Ավագյանը վստահեցնում է, որ ծրագիրը ծառայում է իր նապատակին: Յոթ օրերի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ, որի ընթացքում ներկայացվելու են հաշմանդամներին վերաբերող խնդիրները: Ծրագրի նպատակն է խթանել առօրյա կյանքում հաշմանդամների լիարժեք ներգրավվածությունը և աջակցել նրանց առջև ծառացած խնդիրներին: «Ապարրել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը ուրախ էր, որ արդեն Հայաստանում են իրականացնում ծրագիրը:
«Ողջունում եմ ներկաներին և հատուկ շնորհակալություն հայտնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ՀՀ նախագահին` աջակցելու և մեր վաղեմի երազանքն իրականացնելու համար: Այս ծրագրի վրա մենք 3 տարի ենք աշխատել և վերջապես ծրագիրն արդեն իրականացավ: Շատ ուրախ ենք, որ արդեն Հայաստանում ենք»:
Բուդյուկինը ներկայացրեց Սերժ Սարգսյանին ուղղված մասնակիցների շնորհակալական հուշագիրը, որը պետք է փոխանցվեր երկրի ղեկավարին:«Ապարրել» ասոցիացիայի մարզամշակությանին ծրագրերի ղեկավար Լյուբով Յուլդաշևայի խոսքով` միջազգային մարաթոնն անցկացնում են արդեն 9-րդ անգամ, և մարաթոնային երթն իրականացվել է 3 երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելոռուսում: Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում իրականացվող մի շարք միջոցառումներին կհաջորդի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմադամ անձանց երթ երևանյան փողոցներով, որը տեղի կունենա հունիսի 8-ին: