Հասարակություն

Երիտասարդ գիտնականները կազմում են մեր գիտական ներուժի 30 տոկոսը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Անցյալ տարի ամռանը մեկնարկեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որն իրականացվում է երկրի նախագահի հովանու ներքո: Այսօր կայացած մամլո ասուլիսում Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշել է, որ ծրագրի նպատակն է` նպաստել գիտության զարգացմանը և աջակցել գիտության ոլորտի սերնդափոխությանը:

2012 թվականի հուլիսի 1-ին մեկնարկած Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն իրականացվում է չորս հիմնական ուղղություններով. երիտասարդ գիտնականներին միջազգային գիտաժողովներին մասնակցության ֆինանսավորում, երիտասարդական գիտաժողովների, գիտական դպրոցների, սիմպոզիումների և այլ միջոցառումների ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության կազմակերպում: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակաշրջանում ծրագրի արժեքը հատել է 200 մլն դրամ շեմը:

Վարդանյանը տեղեկացրեց, որ բավարարվել է ասպիրանտների կողմից ներկայացված 25 հետազոտության հայտ` յուրաքանչյուր գիտական դրամաշնորհի գումարը չի գերազանցում 1,5 մլն դրամը, ամերիկյան հիմնադրամի մասնակցությամբ ևս 16 հայտից յուրաքանչյուրի գումարը 7000 ԱՄՆ դոլար: Անցած ամիս ստորագրվեց հայ-ղազախական հուշագիր, որով կիրականցնվի եռամյա ծրագիր սեյսմիկ անվտանգության ոլորտում` 200 հազար ԱՄՆ դոլար գումարով միջպետական դրամաշնոհի միջոցներով: Ուսումնասիրությունների արդյունքները կներդրվեն ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում: Բացի գիտնականներից դրամական պարգևներ են սպասում և գիտությունը լուսաբանող 4 լրագրողներին:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ներկայացված է և համացանցում` առանձին կայքով և խմբով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Անդրադառնալով գիտությունում սերնդափոխության խնդրին Գևորգ Վարդանյանը նշեց, որ այսօր երիտասարդ գիտնականները կազմում են մեր գիտական ներուժի 30 տոկոսը, միջին սերունդը` 25 տոկոսը, մնացածը` ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Միևնույն ժամանակ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչը խոստովանեց, որ թերևս ծրագիրը չի արձանագրել գործնական արդյունքներ` գիտական նվաճումների տեսքով: Մնում է հուսալ, որ ձեռնարկվող քայլերը կնպաստեն մեր երկրից ուղեղների արտահոսքի նվազեցմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button