Տնտեսական

Արմավիրի մարզում կրկին վերանայվում են կարկուտից տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանկը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում կրկին վերանայվում են մայիսի 12-ին ուժեղ կարկուտից տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանկը, հողերի հարկերի ու ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով: Մարզում հաճախ հողերն օգտագործվում են վարձակալության պայմանագրերով, ուստի ցուցակներում նույն հողի սեփականատիրոջ և հողօգտագործողի անունները տարբեր են լինում, իսկ վնասի փոխհատուցումը պետք է ուղղվի ճիշտ հասցեականությամբ : Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժել է 46 համայնք, որոնց մեծամասնությունը գրեթե ամբողջովին:
Տուժած գյուղացիական տնտեսություններում այժմ հարաբերական անդորր է, նրանք սպասում են կառավարության աջակցությանը իրենց անելանելի վիճակը շտկելու համար: Ձեռնունայն մնացած գյուղացիական տնտեսությունների համար նախատեսվել է աջակցության ֆոնդ, որտեղ հավաքագրված գումարները կբաժանվեն գյուղացիներին: Արմավիրի մարզի Ամասիա համայնքը կարկուտից տուժած 46 համայնքներից մեկն է: Մայիսից գյուղացին արդեն շուկայում պետք է լիներ և իր աշխատանքի վաստակը ստանար: Սակայն վրահաս աղետը փոխեց ամեն ինչ:

Ամասիայում ամբողջությամբ տուժել են մշակովի հողատարածքներն ու այգիները: Գյուղի 200 տնտեսության վնասը 100 տոկոսի չափով է: Գյուղապետ Գևորգ Մանուկյանի տեղեկացմամաբ սեփականաշնորհված հողատարածքներում վնասվել է շուրջ 280 հա, 100 տոկոսով է տուժել է 110 հա խաղողի այգի, 60 հա վարելահող, մնացածը ծառապտուղ` ծիրան, սալոր, կեռաս, դեղձ:

Սովորաբար գյուղացիները վաղօրոք պլանավորում են իրենց աշխատանքներն ու հետագա անելիքները: Գյուղացիները վարկերը վերցնում են այն ակնկալիքով, որ մայիսից վաճառելու են իրենց բերքն ու բարիքը, ծածկելու են ծախսերն և ապահովելու ապրուստի միջոցները: Իսկ այժմ նրանք խուճապի մեջ են, ոչինչ չունեն վաճառելու և ակնկալում են կառավարության աջակցությունը:

Կառավարության որոշմամբ փոխհատուցվելու են Արմավիրի մարզի 46 համայնքների տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկերն ու ջրի վարձավճարները` ըստ կրած վնասի չափի: Նախնական տվյալներով փոխհատուցվելու է 207 մլն դրամ հողի հարկ, և 650 մլն դրամ ջրի վարձ:

Մայիսի 12-ի կարկուտից հետո մասնագիտական հաձնաժողովների կազմած արձանագրությունները այժմ կրկին վերանայվում են` ճշտելով հողօգտագործողի և ջրօգտագործողի անունները, որպեսզի փոխհատուցումն ուղղվի տուժած գյուղացուն: «Արաքս» ՋՕԸ սպասարկում է 14 համայնք, որից 13-ում վնասի չափը 100 տոկոս է: Ջրօգտասգործողների թիվը գերազանցում է 5000-ը, ընկերությունը դեռ հաշվում է օգտագործված ջրի ծախսը: Արաքս ՋՕԸ գործադիր տնօրեն Աշոտ Գևորգյանը նշեց, որ մինչև օրս ընկերությունը դեռ շարունակում է հաշվարկը, քանի որ յուրաքանչյուր ջրօգտագործողի ոռոգման ջրի ծախսի հաշվարկը հստակեցնելը աշխատատար գործընթաց է: Ջրօգտագործողների ցուցակներում կան անհամապատասխանություններ, հաճախ ցուցակներում հանդիպում են հողի սեփականատիրոջ և վարձակալությամբ նույն հողն օգտագործողի անունները, այս անգամ որպես ջրօգտագործողի: Ցուցակները ճշտելուց հետո կտրամադրվեն փոխհատուցումները:

Արաքս ՋՕԸ-ի կողմից սպասարկվող համայնքներից 4-5 համայնք գրեթե մշտապես գտնվում է հարվածի գոտում և հաճախ է տուժում հատկապես կարկուտից: Դա պայմանավորված է աշխարհագրական դիրքով: Համայնքների մի մասը սահմանամերձ գոտում են, իսկ կարկտաբեր ամպերն Արմավիրի մարզ են ներխուժում Թուրքիայից և հարվածի առաջին ուժգնությունը կրում իրենց վրա: Արմավիրի մարզում կառավարությունը որոշել է ստեղծել հակակարկտային կայանների 2-րդ պաշտպանիչ շերտը` տեղադրելով ևս 50 հակակարկտային կայան: Աշխատանքներն իրականացնելու համար հստակեցվում են նաև համայնքնային սեփականություն համարվող հակակարկտային կայանների թիվը, իսկ բարեգործությամբ հակակարկտային կայանների տեղադրումը պետք է համաձայնեցնել իշխանությունների հետ ` արդյունավետության հանգամանքից ելնելով:

Ցուցադրել ավելի
Back to top button