ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարևորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը հանրապետության նախագահը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել մեր երկրի համար: Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել և ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին:

Ցուցադրել ավելի
Back to top button