Հասարակություն

ՄԻՊ.Երեխաների պաշտպանությունը սկսվում է ծնողազուրկ և ծնողական խնամքի կարոտ երեխաներից

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրն է այսօր, և շատերիս մոտ է հարց առաջանում՝ արդյո՞ք պաշտպանված են մեր երեխաների իրավունքները, և ո՞րն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ամենամեծ խնդիրը:
Պաշտպանվածության մասին խոսելով՝ պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ երեխաների պաշտպանության հարցերով լիազոր մարմինները որոշակի քայլեր ձեռնարկում են բարելավելու այս ոլորտը, սակայն այդ քայլերը հաճախ բավարար և արդյունավետ չեն լինում:

Խոսելով երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առկա խնդիրների մասին՝ հարկ է նշել, որ ամենամեծ խնդիրը հենց այդ համակարգի անկատարությունն է: Սկսած Խնամակալության և հոգաբարձության մարմիններից, որոնք համայնքային մակարդակում երեխաների կյանքի համար կարևորագույն որոշումներ են կայացնում, հաճախ ոչ մասնագիտական մոտեցումներ դրսևորելով, մինչև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի գործունեության արդյունավետությունը ևս մեծ հարցականի տակ է այսօր դրվում:

Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Մշտապես հիշել, որ մեր երկրում դեռ կան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ, առանց ծնողական խնամքի մնացած, բռնության ենթարկված և հաշմանդամ երեխաներ, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներ, ովքեր զգում են պաշտպանության կարիք ավելի, քան մյուսները:
Շնորհավորելով բոլոր երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ՝ մաղթում եմ նրանց անհոգ մանկություն և լուսավոր ապագա»,-ասված է ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button