

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Կառավարությունում ներկայում քննարկվում է օրենքի նոր նախագիծ, որը միտված է Հայաստանում գործազրկության կրճատմանը եւ աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնմանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը` նոր օրենքով շեշտադրվելու է ոչ թե գործազուրկներին նպաստների տրամադրումը, այլ նրանց աշխատաշուկային առավել համապատասխան դարձնելը:
ՀՀ կառավարությունը քննարկում է «Զբաղվածության մասին» նոր օրինագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի ներկայացմամբ` օրինագիծը բխում է 2013–2018թթ.–ի զբաղվածության ռազմավարությունից և կոչված է փոխարինելու «Բնակչության զբաղվածության մասին» գործող օրենքին։ Գործող օրենքը Թադևոս Ավետիսյանը բնութագրեց որպես բնակչության զբաղվածության հարցերի կարգավորման պասիվ մոդել, քանի որ վերջին տարիներին պետբյուջեից զբաղվածության ոլորտին տարեկան հատկացվող 4 մլրդ 40 մլն դրամը գերակշիռ մասով ուղղվել է գործազրկության նպաստների վճարմանը, և միայն 450 մլն դրամը` աշխատանքի տեղավորման ակտիվ ծրագրերին։
Նոր օրենքը ենթադրում է պարզապես նպաստներ տալու փոխարեն մարդկանց աշխատանք գտնելու հնարավորություններն ընդլայնել: Գործազուրկ մարդիկ նախ պետք է վերապատրաստում անցնեն, բարձրացնեն իրենց որակավորումը և արժանի կերպով զբաղեցնեն իրենց աշխատատեղը։ Նոր հայեցակարգը նախատեսում է ակտիվ ծրագրերին ուղղված պետական ֆինանսավորում, ընդ որում` պետբյուջեից ստացված զբաղվածության ոլորտի ծախսերը ոչ միայն չեն կրճատվի, այլ նաև տարեկան կաճեն նվազագույնը 5 տոկոսով:
Ավետիսյանը ներկայացնում է նոր օրինագծից իրենց սպասելիքները: Մասնավորապես, ակնկալվում է, որ արդյունքում զբաղվածության պետական ծրագրերում ներառված աշխատունակ հաշմանդամների քանակը կաճի ընդհուպ մինչեւ 50 տոկոսով: Այս օրինագիծն արդեն քննարկվում է կառավարությունում և հաստատման դեպքում կներկայացվի խորհրդարան:
Ի դեպ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, 2013թ.–ի մայիսի 1–ի դրությամբ 70 հազար 700 աշխատանք փնտրողներից գործազուրկ է համարվում 60 հազար 200–ը։ Միաժամանակ գործազրկության նպաստի իրավունք ունի ավելի քան 10 հազար մարդ։