ԿարևորՀասարակություն

Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները: Այդ նպատակով Երևանում և մարզերում ձևավորվել է 36 քննական կենտրոն: Առաջին քննությունն այսօր անցկացվել է «Ռուսաց լեզու» առարկայից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել է Երևանում տեղակայված քննական կենտրոն, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորել պահպանել հանգստություն:

Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի որակին և դիմորդների քանակին: Անդրադառնալով թեստերին` նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան և հույս հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի:

Խոսելով «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին` Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում` այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին որպես օտար լեզու հանձնել նաև ռուսերենը:  Ինչ վերաբերում է դիմորդների թվին, նախարարն ասել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, դա պայմանավորված է նաև նրանով, որ անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը և վերացել ընդունելության քննությունները նշված ուսումնական հաստատություններում:

Նշենք, որ հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:

Ցուցադրել ավելի
Back to top button