ԿարևորՄշակույթ

Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Հունիսի մեկը Մեծն Կոմիտասի ստեղծագործությունների, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է։ Անժամանակ ու չարագույժ մահը խլեց նրա կյանքը 1992 թվականին։ Երգչուհու աճյունն այսօր հանգչում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի , ինչ ճարտարապետության մեջ Թորոս Թորոմանյանը»,-երգչուհու մեծությունը հասկանալու համար բավական է հիշել միայն Պարույր Սևակի այս խոսքերը:

Ծննդից մահ և մահից անմահություն անցած նրա մարդկային գոյությունն անընդմեջ կառավարվեց նախախնամության անհեղելի կամքով։ Անսահման ժամանակի մեջ նա ծնվեց ճիշտ և ճշգրիտ այն միակ օրը, երբ երկար տարիների պանդխտությունից հայերնիք վերադարձավ Կոմիտասի աճյունը։ 1992 թվականին Լուսինե Զաքարյանը գնաց ձուլվելու մայր հողին՝ իր նշխար աճյունով ավելի նվիրական դարձնելով այդ հողը։ Իսկ նրա ձայնն ավաղ միայն ձայնագրություննեորվ ու տեսագրություններով է մեզանից հետո եկողներին պատմելու Լուսինե լեգենդի մասին ։ Իսկ Երևանի Կողբացի 42 հասցեում ապրող բնակիչները հիշում են ոչ միայն երգչուհուն, ում ձայնն աստավածային էին համարում, այլև անսահման բարի ու ազնիվ իրենց հարևանուհուն, ումով առ այսօր հպարտանում են:

Աշխարհի ամենատարբեր բեմերում նրան սիրում և ընդունում էին առաջին իսկ հնչյուններից։ Այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին՝ Լուսինեն եկել է Հայսատան՝ համերգների։ «Ժողովրդական, դասական և հատկապես հայ հոգևոր երգի անզուգական կատարողն էր Լուսինե Զաքարյանը՝ միևնույն ժամնակ չափազանց համեստ, չափազանց խոնարհ մի անձնավորություն»,- Երևանի բժշկական համալսարանի դոցենտ Սուսաննա Դավթյան:

Տարիներ առաջ երգչուհու ծննդյան առիթով այս նույն Կղբացի 42 հասցեում գտնվող բնակարանում զրուցում էի Խորեն Պալյանի հետ։ Այս պահին էլ հիշում եմ նրա խոսքերը.«Այս բնակարանը պիտի դառնա Լուսինեի տուն-թանգարանը։ Ռադիոլուրի արխիվում պահպանված ռեպորտաժում Խորեն Պալյանն անգամ նշում է, թե ինչպիսին էին պատկերացնում այդ թանգարանը հենց Լուսինեի հետ միասին:

Կողբացի 42 հասցեում երբևէ կգործի արդյոք լուսինե զաքարյանի տուն-տանգարանը թե ոչ, առայժմ դժվար է պատասխանել: Վերջին շրջանում նրա բնակարանում ստեղծված աղետալի իրավիճակը խնդիրը բարձրաձայնելու հերթական առիթը դարձավ: Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ հղեցին արվեստասերներին, իշխանություններին, եկեղեցուն,  բոլոր կուսակցություններին ու ՀԿ-ներին` կոչ անելով լրջորեն զբաղվել երգչուհու բնակարանը կործանումից փրկելու առաքելությամբ: Նամակում նշված էր.«2
011 թվականի նոյեմբերին բնակարանի հերթական հեղեղման ժամանակ կործանվել է երգչուհու երկրային մասունքների մեծ մասը: Մոտ կես տարի ստորագրահավաքներով, հոդվածներով, խնդրանքով ու հուսահատությամբ դիմել ենք համայն հայությանը՝ տեր կանգնելու Լուսինեի ժառանգությանը: Ինչպես հայտնի է, Լուսինեն ժառանգներ չի ունեցել…Սակայն հայ ազգն է Լուսինեի ժառանգորդը, Լուսինեն իր ողջ ժառանգությունը ազգի տնօրինությանն է հանձնել, ուստի պարտավոր ենք տեր կանգնել դրան»:

Տարբեր առիթներով այս խնդիրը շոշափվում է, բայց լուծում չի գտնում `այն պարզ պատճառով, որ բնակարանը ժառանգված մասնավոր սեփականություն է, սեփականատերը Խորեն Պալյանի եղբորորդի սփյուռքաբնակ Սարգիս Պայլանն է, ով ինչպես ցույց է տալիս իրականությունը, շահագրգռված չէ զբաղվել այս խնդրով: Իսկ մշակույթի նախարարությունն իր հայտարարություններում իրավունքի ոտնահարում է համարում միջնորդությամբ նրան դիմելը ՝ վերոհիշյալ հարցին հստակ և որոշակի մոտեցում ցուցաբերելու հայցով:

Ցուցադրել ավելի
Back to top button