ԿարևորՏնտեսական

Տնտեսագետ.«Կառավարության կազմում առնվազն 12 նախարար պետք է փոխվի»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Կառավարության նոր ծրագիրը հավակնոտ ու մոդեռն է, սակայն, կառավարությունն այս կազմով աշխատելու դեպքում հնարավորություն կունենա իրականացնել ծրագրում նախանշված գործողությունների 20 տոկոսը միայն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերջինս նաև նկատել է, որ կառավարության՝ վերջերս հաստատված ծրագիրը էապես տարբերվում է նախորդ ծրագրից: Գագիկ Մակարյանը գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմանը զուգահեռ շղթայական գնաճ է կանխատեսել, միաժամանակ, լուծումներ առաջարկել կառավարությանը:

«Կառավարության կազմում առնվազն 12 նախարար պետք է փոխվի, ներկայիս նախարարներներից միայն չորսը կարող են աշխատել և իրականացնել կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրի դրույթները»,-այսպես կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա առայժմ զերծ է մնում անուններ թվարկելուց, միաժամանակ նաև նկատում՝ «Ե’ւ կառավարության աշխատակազմում, ե’ւ ֆինանսների նախարարությունում պետք են ավելի կամքով, ավելի մենեջմենթին տիրապետող ավելի ռեֆորմիստական մտածելակերպով մարդիկ: Նվազագույնը չորս-հինգ ռեֆորմիստ-նախարարներ պետք է լինեն, որոնք կկանգնեն վարչապետի շուրջը, որ կարողանան այդ մարտահրավերները հաղթահարեն, ամբիցիոզ ծրագիրը իրականացնեն»:

Իսկ մարտահրավերներն ու խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բավականին շատ են: Գագիկ Մակարյանը կարծում է, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով պայմանավորված թանկացումները երկար սպասեցնել չեն տա: Տնտեսագետը հաշվարկել ու պարզել է, հնարավոր է գազի սակագինը քիչ բարձրացնել, ընտրել ամբողջ փաթեթից այն հատվածը, որը վերաբերում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մոդեռնիզացիայի և նոր գազիֆիկազման ծրագերին: Այս դեպքում սուբսիդավորումից հետո գազը կարող է թանկանալ ոչ թե քսանչորս, այլ տասը դրամով: Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված նույնպես անձնական հաշվարկներն ունի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը:

«Ասել եմ, որ ավելի լավ է ատոմակայանից գնվող հոսանքը միայն թանկացնել, այսօր մենք ատոմակայանից հոսանքը ձեռք ենք բերում տասնմեկ դրամով, կարելի է դա դարձնել տասներեք, տասներեք ու կես դրամ, այդ 2,5 դրամը լրիվ բավարար է որով կարելի է ատոմակայանի միջոցները, ֆինանսական մուտքերն ավելացնել, որի հաշվին և աշխատավարձ կավելացվի, և իր անվտանգության համակարգը կապահովի, կարող են սկզբունքորեն էլեկտրական հոսանքը թանկացնել ոչ թե ութը դրամ, այլ ընդամնեը չորս-հինգ դրամ»:

Գագիկ Մակարյանը մտահոգված է՝ շղթայական թանկացմանը նախորդեց կարկտահարությունը, բերքը նվազելու է, վերամշակող ընկերությունների հումքը՝ նույնպես, սա էլ իր հերթին հանգեցնելու է սեզոնային աշխատողների կրճատմանը: Տնտեսագետը հասարակության ներսում աղքատության ավելացման հիմքեր է կանխատեսում: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը միայն չի կանխատեսում, նա նաև լուծումներ է առաջարկում.«Ես առաջարկում եմ միկրո և գերփոքր բիզնեսն ամբողջովին ազատել հարկերից, այսինքն սուբսիդավորման մի նոր եղանակ, որը ոչ թե ֆինանսապես է տրվում փոքր բիզնեսին, այլ պարզապես իրենց ազատում ես հարկերից, և դրանով թույլ են տալիս, որ այդ հարկերն ուղղեն այս էներգակիրների թանկացումներով պայմանավորված իրենց խնդիրների լուծմանը»:

Գագիկ Մակարյանը պատրաստվում է իր առաջարկներն ու լուծումները հանրապետության վարչապետին նամակով ներկայացնել: Թե դրանց ո՞ր մասը գործնականում կկիրառվի, դժվար է ասել, մի բան , սակայն, հստակ է՝ առջևում ոչ այնքան ուրախ օրեր են սպասվում բոլորիս:

Ցուցադրել ավելի
Back to top button