Քաղաքական

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստից առաջ պատվիրակներին, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն  ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն նշել է, որ ԱՊՀ-ի շուրջ համախմբումը և համագործակցության փորձը լավ նախադրյալներ են ստեղծել ինտեգրացիոն գործընթացներում նոր հեռանկարներ բացահայտելու առումով: Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է ավելի խորացնել ԱՊՀ անդամ երկրների համագործակցությունն, քանի որ դա բխում է ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների շահերից: Բելառուսի նախագահն ընդգծել է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու համաձայնագրի կարևորությունը և նշել, որ տնտեսական համագործակցության նման օրինակներ ԱՊՀ երկրների միջև պետք է ավելի շատ լինեն:

Այսօր առավոտյան կայացել է նաև Հայաստանի և Բելառուսի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի երկկողմ հանդիպումը:

Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման,  Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման, Բելառուսի և Գյումրիի տեխնոպարկերի միջև փոխգործակցության և առհասարակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի:

Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են նաև Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին կողմերի մասնակցության և տվյալ ոլորտում համագործակցության հեռանկարների, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման հետ կապված հարցերի շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button