ԿարևորՔաղաքական

Պատգամավորը արտագաղթի պատճառը ազգային առանձնահատկությամբ է պայմանավորում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ արտագաղթի թեմային են անդրադարձել ԱԺ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն ու Հանրապետական Մանվել Բադեյանը։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի կարծիքով` սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից զատ, անարդարության զգացումն է, որ շատերին դրդում է արտագաղթի:
Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ` շատ դեպքերում այսօր մենք ականատես ենք լինում անկախության առաջին տարիների արտաքաղթի առաջին ալիքի հետեւանքներին: Օրինակ` վիճակագրությունը ցույց է տալիս, որ բուհերում զգալիորեն նվազել է ուսանողների թիվը: Այս փաստը հենց դրա մասին է վկայում` ըստ նրա:
Հանրապետական պատգամավորն ասաց, թե ամբողջությամբ համաձայնելով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկումների հետ, այնուամենայնիվ, պետք է նկատի, որ հետխորհրդային բոլոր երկրներից արտագաղթ կա, բացի այդ՝ կարծում է, որ արտագաղթի պատճառները տարբեր են եւ որոշ դեպքերում` պայմանավորված ազգային առանձնահատկությամբ:
Հիմնական պատճառն, անշուշտ, սոցիալ- տնտեսականն է, անարդարությունն է, որի դեմ պետք է պայքարել։ 
Մարդիկ դրսում էլ հաջողությունների չեն հասնում, սակայն ավելի բավարարված են զգում, որ իրենց կողքի հարեւանը, դասարանցին չի տեսնում իրենց անհաջողակությունը, ձեւակերպեց հանրապետական պատգամավորը։
Ըստ նրա` ասվածը ազգային առանձնահատկություն է, որն արտագաղթի մեջ մեծ նշանակություն ունի: Ռուսաստանում, այլ երկրներում նույնպես մեծ արտագաղթ կա, սակայն ոչ նման պատճառով, կարծում է հանրապետական պատգամավորը։
Պետք է ստեղծել նաեւ որակյալ բնակչություն, որն իր բարեկեցությունը կապի իր աշխատանքի հետ, ասաց հանրապետական պատգամավորը` շեշտելով, թե դա նաեւ այլ պետությունների փորձն է ցույց տալիս, որոնք բարեկեցություն են ապահովել հենց այդ ճանապարհով:
Մինչդեռ՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը համոզված է, որ խնդիրը «մրցակցություն» ասվածի մեջ է, որն առկա է ազատ շուկաներում, որտեղ կա ազատ պայքար, մրցակցություն:
Ինչ վերաբերում է աշխատանքին, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ընդդիմությունն իր աշխատանքը միշտ էլ լավ է կատարել, սակայն, խնդիրն այն է, թե որքանով են լսվել ու ընդունվել ընդդիմության առաջարկները:  

Ցուցադրել ավելի
Back to top button