Հասարակություն

Հատուկ կարիքի երեխաները հոգատարության և խնամքի շատ ավելի մեծ կարիք ունեն

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր կա ավելի քան 8700  հաշմանդամություն ունեցող երեխա։ Նրանց խնդիրների մասին խոսվում է պարերաբար, որոշներին  տվում են լուծումներ, որոշ խնդիրներ՝ շարունակում են մտահոգիչ մնալ: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում հունիսի 1-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Գաղտնիք չէ, որ հավասար իրավունքներից օգտվելու այս երեխաների իրավունքները սահմանափակ են, դրանք առավել սահմանափակ են մարզերի հեռավոր գյուղերում, որտեղ առկա համապատասխան ծառայություններն իրականում անհասանելի են, նկատում է «Հույսի կամուրջ» հկ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Կարևորելով համապատասխան ծառայությունների հասանելիությունը՝ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ»  միության սոց. աշխատող Ելենա Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների հանդեպ ուշադրությունը ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կառույցների կողմից տարեց տարի մեծանում է: Միևնուն ժամանակ՝ նա նկատեց, որ խնդիրներն այնքան շատ են, որ դրանց արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ:
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար շատ կարևոր է նաև ֆիզիկական պատրաստվածությունը: Այս առումով  ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ Սերժ Ներսիսյանը գտնում է, որ ներառական դպրոցներում ֆիզկուլտուրայի շաբաթական 2 դասաժամը շատ քիչ է նման խնդիրներ ունեցող երեխաների համար:

Ցանկալի է, որ բացի ֆիզկուլտուրայի դասաժամերից, այդ երեխաները հաճախեն նաև սպորտային տարբեր խմբակներ, ավելացրեց Սերժ Ներսիսյանը: Հատուկ կարիքի երեխաները հոգատարության և խնամքի  շատ ավելի մեծ կարիք ունեն, հետևաբար՝ նրանց ծնողները պետք է հնարավորինս շուտ հաղթահարեն հոգեբանական սթրեսները և  առանց երկմնտելու դիմեն համապատասխան մասնագետների, նկատեց հոգեբան Մարինե  Մարտիրոսյանը:
Հոգեբանության առումով շատ կարևոր է նաև հասարակության վերաբերմունքը այդ նույն երեխաների նկատմամբ, քանի որ հասարակությունից մեկուսացվածության զգացողությունը շատ ավելի է վնասում առանց այդ էլ խոցելի երեխային:
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին խոսվում է պարերաբար, քիչ չեն նաև  նրանց խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, սակայն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր հաշմանդամություն ունեցող երեխաների ամենամեծ խնդիրը մնում է վերաբերմունքը ինչպես հասարակության, այնպես էլ ընտանիքի կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button