Ինչո՞ւ լիարժեք չի գործում Երեւանի ջրահեռացման համակարգը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ժամանակին, երբ ասֆալտաածկվում էր մայրաքաղաքով անցնող Գետառը, բնապահպաններից շատերն ահազանգում էին, որ դա իր հետևանքներն է թողնելու քաղաքի ջրահեռացման համակարգի գործունեության վրա: Վերջին օրերի առատ տեղումներից հետո Երևանի մի շարք հասցեներում ջրի աննխադեպ կուտակումներն արդյո՞ք չեն հաստատում, որ մտահոգությունները տեղին էին:
«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը համոզված է, որ Գետառը փակելը ջրի կուտակումների հետ կապ չունի:
«Գետառի անմիջապես կողքին գտնվում է իմ գրասենյակը: Գետառի մակարդակը բարձրացել է ընդամենը կես մետրով և չկա թողունակության խնդիր»,- ասում է։
Գետառը, ըստ «Երևանջուր» ընկերությունը ներկայացնող պաշտոնյայի՝ վերջին տարիներին մի քանի անգամ մաքրվել է և այժմ ունի ավելի մեծ թողունակություն, քան ուներ 4-5 տարի առաջ:
Այդ դեպքում ո՞րն էր մեկ շաբաթ առաջ տեղացած առատ անձրևից հետո մայրաքաղաքի մի շարք փողոցներում ջրահեռացման համակարգի կաթվածահար վիճակի պատճառը։
Կարապետ Օհանյանը համակարգի հնությամբ ու քաղաքի այսօրվա ծավալներին չհամապատասխանելու հանգամանքով է բացատրում։
«Երևան քաղաքի անձրևատար համակարգը նախագծվել, կառուցվել է 70-80- ականներին: Այն, կարելի է ասել, նախատեսված չի եղել նման մակերեսով ասֆալտապատված քաղաքի համար»:
Մայրաքաղաքում գործում է 250 կմ երկարությամբ անձրևատար ցանց, որը սպասարկվում է «Երևան Ջուր» ընկերության կողմից: 2011-2012 թվականների ընթացքում վերակառուցման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի մի շարք՝ Ռուբինյանց, Լենինգրադյան, Խորենացու և այլ փողոցներում՝ վերանորոգելով նաև դրանց անձրևատար համակարգերը: Վերջին հորդառատ անձրևներն այդ հասցեներում, ըստ պաշտոնյայի, խնդիրներ չեն առաջացրել:
«Ձեզանից ոչ մեկը այդ փողոցներում չի՞ եղել, չե՞ք նկատել, որ այդտեղ արդեն խնդիր չունենք: Նախորդ տարի 70-80 մլն քաղաքապետարանը ծախսեց, մոտ 20-22 մլն ծախսեց «Երևանջուրը»: Եթե ես ամբողջ համակարգը վերանորոգելու համար պահանջվող ընդհանուր թիվն ասեմ, կսարսափեք՝ մենք խոսում ենք 18 մլրդ դրամի մասին: Մենք ունե՞նք այդ միջոցները»:
Ու քանի որ միանգամից ու այդքան միջոցներ ներդնելն անհնար է, ելքը աստիճանական վերանորոգումն է։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: Այն առաջարկություններ է ներկայացնելու հատկապես խոցելի համարվող փողոցների ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման վերաբերյալ:
Հատուկ ուշադրություն կարժանան քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգման ենթակա 30 փողոցների ջրահեռացման համակարգերը։