ԿարևորՏնտեսական

Գյուղոլորտի պետական ապահովագրությունն արդեն անհրաժեշտ է. կարկուտ նաեւ Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի համար կարկուտը հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանն իսկական աղետ է համարում եւ կարծում, որ իրենց բարեգործ համարողները պետք է օգնեն օրհասական վիճակում հայտնված գյուղացիներին: Ալեքսանյանն այն համոզմանն է, որ գյուղատնտեսությունը պետք է հովանավորվի պետության կողմից:

Ամբողջ աշխարհում է այդպես, նկատում է նա. գյուղատնտեսությունը վարկավորվում ու սուբսիդավորվում է պետության կողմից: Հայաստանում եւս կարեւոր նշանակության այդ ոլորտը պետք է լինի վերահսկողության տակ, պետք է ապահովագրվի: Լեռնիկ Ալեքսանյանը դա ավելի ճիշտ է համարում, քան դժվարին իրավիճակում բարեգործներ փնտրելը: Բարեգործությունը ընտրովի է լինում, իսկ պետությունը պարտավոր է աջակցել բոլոր գյուղացիներին. ասում է նա։

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կիսում է Ալեքսանյանի եւ բոլոր այն մարդկանց համոզմունքը, որ պետությունը պետք է ապահովագրի գյուղոլորտը: Հարցի լուծմանԸ, ըստ նրա, պետք է հասնել քայլ առ քայլ` նախ՝ ընդունել օրենք գյուղատնտեսության մասին, ապա գյուղոլորտն ապահովագրել պետության կողմից:
Սաֆարյանը սա պարտադիրի չափ կարեւոր է համարում, նաեւ ընդգծում` սահմանամերձ գյուղերի բնակիչներին ջուրն անվճար պետք է տրամադրվի: Գյուղատնտեսությանը պատուհասած խնդիրներին զուգահեռ` Սաֆարյանն այսօր կանխատեսեց թանկացում, ընդ որում` ոչ միայն գյուղմթերքի:
«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահը կարծում է, որ գազի սակագնի բարձրացման հետ մեկտեղ կթանկանան նաև այլ ապրանքներ, իսկ ցեմենտի թանկացումը կլինի մոտ 60%։
Իսկ մինչ տարբեր ոլորտների տարբեր մասնագետներ տարբեր ուղիներ են առաջարկում մեր երկրում ստեղծված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, այսօր կրկին կարկտահարություն է գրանցվել` այս անգամ Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում:
Բարդացող իրավիճակն այս անգամ արդեն պարտադրում է արմատական լուծումներ տալ գյուղոլորտին սպառնացող հիմնական խնդրին, այն էլ` հրատապ: 

Ցուցադրել ավելի
Back to top button