Հասարակություն

Արմեն Աշոտյան. «Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ այդ դպրոցը կերտելու ենք միասին»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր ամփոփվել են Հանրապետության տարածքում ապրիլի 2-ից մայիսի 10-ը անցկացված «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցել են «dasaran.am»-ին միացած 757 դպրոցներ: Մրցույթի հանդիսավոր մրցնակաբաշխության 50 մրցանակակիր դպրոցները ՀՀ վարչապետի, ԿԳ նախարարի, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից ստացել են մրցանակներ, այդ թվում համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ապրիլի 2-ից մայիսի 10-ը հանրապետությունում անցկացվել է «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթը: Մրցույթի նպատակն է բարձրացնել դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում «dasaran.am» կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը: Մրցույթին մասնակցել են «dasaran.am»-ին միացած 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյան՝ ժամանակին կատարելով գնահատականների, տնային առաջադրանքների և բացակայությունների մուտքագրումը: Ընդհանուր առմամբ մրցույթին հաղթող են ճանաչվել 50 դպրոցներ, որոնցից 8-ը գլխավոր մրցանակի: Ողջունելով մասնակիցներին և հատկապես մրցանակակիրներին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նոր սերդնին անհրաժեշտ է նոր դպրոց, որի ստեղծումն արդեն սկսվել է:

«dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն էլ հայտնեց, որ ծրագրի շրջանակներում վերջերս իրականացված վերլուծական առաջադրանքների շնորհիվ պարզվել է, որ «dasaran.am»-ին միացած դպրոցներում 15 տոկոսով բարձրացել է աշակերտների առաջադիմությունը և 22 տոկոսով էլ նվազել նրանց բացակայությունների թիվը: Անդրադառնալով այս մրցույթին Սուրեն Ալոյանն ասաց, որ այն լինելու է շարունական:

Հիշեցնենք, որ «dasaran.am»-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ 1400 դպրոցներից 757-ը՝ այս պահին ունենալով ավելի քան 274 հազար 939 գրանցված աշակերտ և նույնքան ծնոող, 757 տնօրեն և 28 հազար 631ուսուցիչ: Նշենք նաև, ոոր ծրագրի ծառայությւոնները մատուցվում են բացառապես անվճար հիմունքներով:

Ցուցադրել ավելի
Back to top button