ԿարևորՀասարակություն

Աշխարհը նշում է «Առանց ծխախոտի» օրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված:

Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում) ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:

Նախկինում ողջ աշխարում ծխախոտի օգտագործման երևույթը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս ծխող չափահաս տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը քչանում է: Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:

«Բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են աշխատունակ տարիքի (20-65 տարեկան). տղամարդկանց 54.7% ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է»,-նշում են նախարարությունից:

Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են` այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և մարզերում` հատկապես գյուղական համայքներում բնակվող կանաց շրջանում: Սակայն կանանց շրջանում առկա են ծխախոտի օգտագործման տարածվածությանը նպաստող միտումներ: Նշված միտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանի համար:

Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից:

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ՀՀ առողջապահության նախարարությունը միանում է վերոհիշյալ նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button