Հասարակություն

Անկայուն եղանակը առաջիկա օրերին կպահպանվի

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս տարվա մայիսն աչքի է ընկել անկայուն բնակլիմայական պայմաններով: Այսպիսի մայիսներ մենք ունեցել ենք 2001, 2002, 2003 թվականներին էլ, սակայն մի տարբերությամբ, որ այս տարվա մայիսն առանձնանում է կարկտահարման շատ դեպքերով:

Առաջիկա 5 օրերին անկայուն եղանակը հանրապետության տարածքում պահպանվում է: Սակայն այս անգամ անձրևները լինելու են ուշ երեկոյան, տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիրկ Սուրենյանը:

«Օրվա առաջին կեսին կգերակշռի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին կդիտվի ամպամածության ավելացում, ամպրոպային բնույթի հորդառատ, բայց կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ»:

Օդի ջերմաստիճանի փոփոխություններ առաջիկա 5 օրերին չեն սպասվում, վստահեցնում է օդերևութաբանը և ավելացնում, որ անձրևների հավանականությունը մեծ է հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում` Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում,Գեղարքունիքում և Կոտայքում: Մնացած շրջաններում տեղումների հավանականությունը փոքր է: Սուրենյանի խոսքով` այս շրջաններում հնարավոր է նույնիսկ կարկուտ: Հունիս ամսվա կանխատեսումները ցույց են տվել, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ:

«Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ողջ ամսվա ընթացքում կլինի նորմայի սահմաններում, Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև 10-ից 12- աստիճանով, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև 30-ից 33 աստիճան»:

Back to top button