ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը, ինչպես նախորդները, կկրի խիստ աշխատանքային բնույթ, իսկ որոշումները կլինեն Արցախի և Սփյուռքի առաջ ծառացած խնդրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ: Այս մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստում վստահեցրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած 22-րդ նիստին խորհրդի 37 անդամից մասնակցել է 28-ը, ներկա է եղել նաեւ տեղական մարմինների 24 ներակայացուցիչ:

Նախորդ երկու տարիները խիստ հագեցած էին Հայաստանի համար՝ տեղի ունեցավ երեք ընտրություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` այդ ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա խնդիրներն ի հայտ բերելու, հրապարակայնորեն քննարկելու և լուծումների հնարավոր բոլոր տարբերակները դիտարկելու համար:

«Դեռևս չկա մի ծանրակշիռ հարց՝ ազգային, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումները, որոնք հնչեցվել են այդ ընթացքում, քննության առնված չլինեն»:

Հասարակության մեջ կան մեծ սպասումներ, որոնք իրենք պարտավոր են արդարացնել` շեշտադրեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի կարծիքով` առաջիկա տարիները ոչ միայն իշխանությունների, այլև՝ ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ.
«Կարծում եմ՝ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունը առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ՝ քիչ խոսելու և լավ աշխատելու համար»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նկատեց նաեւ, որ այս օրերին բոլորի համար շարունակում է որպես բաց վերք մնալ Սիրիայի և սիրիահայության վիճակը. «Մենք՝ որպես պետություն և հայ ժողովուրդ, աջակցել և աջակցելու ենք մեր քույրերին և եղբայրներին՝ անկախ նրանից նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում»:

Համահայկական ոչ մի կառույց, այնքան ամբողջական չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն ու ողջ հնարավորւոթյունները, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմանդրամը` նկատեց նախագահ Սարգսյանը` հավելելով, որ, հետևաբար, շատ գործ կա անելու:
Նախագահի խոսքին հաջորդեց հիմնադրամի գործունեության մասին պատմող փոքրիկ ֆիլմ-հաշվետվություն` 2012-ի գործերի վերաբերյալ: Վերստուգիչ հանձնաժողովն արձանագրում է` արդյունքները գոհացուցիչ են, խնդիրներ չեն ծագել:

Ծրագրերի կատարման մասին հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկանում են յուրաքանչյուր ամիս, նաեւ` այցելելով Հայաստան ու տեղում ստուգելով դա: Բացի այդ, նրանք ասացին, որ յուրաքանյուր երկրի տեղական մարմնի աշխատանքը վերստուգվում է նաեւ այլ երկրների տեղական մարմինների կողմից:  Հիմնադրամի այսօրվա նիստում առաջարկվել է առաջիկա դրամահավաքն ուղղել դեպի ԼՂՀ երկրորդ` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Առաջարկն ընդունվել է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` ծրագիրը կարեւոր է ե’ւ ստրատեգիական, ե’ւ ԼՂՀ Մարտունու շրջանը զարգացնելու տեսանկյունից:

Մինչեւ տարեվերջ կավարտվի հիմնադրամի դրամահավաքը, որից հետո միայն կհայտարարվեն մուտքերն ու համապատասխան մրցույթ` նշված ճանապարհի կառուցման համար: Հիմնադրամը կշարունակի նաեւ օժանդակել սիրիահայությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button