Մշակույթ

«Ռուսաստանի ձայնը» ձայնագրում է Ստանիսլավսկու թատրոնի դերասաններին

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Երևանում է «Ռադիո Ռոսիի»՝ «Ռուսաստանի ռադիոյի» ստեղծագործական խումբը։ Նպատակը` Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում  ձայնագրել  ռուս գրողների ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներից մի քանիսը։
«Բեմ առանց սահմանների»  ծրագրի շրջանակներում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկից, գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր  Գրիգորյանի խորհրդով, ընտրվել է  ռուս գրող Վիկտոր Ռոզովի «Խլահավի բույնը» ներկայացումը:
Ռուսական ռադիոընկերության մշակութային մասնաճյուղի աշխատակից, թատերական քննադատ Մարինա Բաղդասարյանը մեկնաբանեց, թե ինչով է համահունչ իրենց ծրագրին այս պիեսը:

«Ստանիսլավսկու թատրոնն առաջարկեց 3 ներկայացում, սակայն ընտրվեց Վիկտոր Ռոզովի «Խլահավի բույնը» ներկայացումը և մենք ուրախացանք, քանի որ այս տարի Ռուսաստանում նշվելու է գրողի ծննդյան 100 -ամյակը և  կարծում եմ, որ Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած այս ներկայացումը Երևանի թատրոնն արժանավայել է խաղում: Ստանիսլավսկու թատրոնը Խորհրդային Միության տարիներից ի վեր միշտ էլ   աչքի է ընկել բարձրարժեք գործերի բեմադրությամբ, բեմարվեստի հանրահռչակ գիտակներով ու անվանի դերասաններով»:

Մեկ տարի առաջ մեկնարկած «Բեմ առանց սահմանների» ծրագրով ռուսական ռադիոն մտադրվել է շրջել Ռուսաստանում` Կալինինգրադից մինչև Հեռավոր Արևելք, ԱՊՀ և մերձբալթյան երկրների քաղաքներով` պարզելու նաև ռուսաց լեզվի դրվածքի, նրա զարգացման ու պահպանման հիմնախնդիրները և հեռանկարները:

«Հստակորեն կարող եմ հայտարարել, որ ռուսաց լեզվի անաղարտությունն առավելագույնս պահպանվում է, որքան էլ զարմանալի է, ոչ թե Ռուսաստանում, այլ փլուզված Խորհրդային Միության նախկին որոշ հանրապետություններում», ասում է Մարինա Բաղդասարյանը։

Հավելենք նաև, որ ձայնագրությունները կատարվում են հենց ներկայացումների ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button