Հասարակություն

Մատաղիսի դատական գործի 8-ամյա ոդիսականն ավարտվեց. ամբաստանյալները վերջնականապես արդարացվեցին

ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 29-ին որոշել է «Մատաղիսի» գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ Ա.Հարությունյանի, Ա.Շահինյանի և Հ.Թադևոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Փաստինֆոյին» հայտնել է, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։

Գործը երկար դատական ճանապարհ է անցել՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. մայիսի 18-ի դատավճռով Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց առանձին դաժանությամբ սպանություն և դատապարտվել էին 15-ական տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, 2006թ. մայիսի 30-ի դատավճռով, առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել էր, և Ռ. Սարգսյանին, Մ. Սերոբյանին ու Ա. Զալյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ, ստորադաս դատարանների դատավճիռները բեկանվել էին և նրանց մասով գործն ուղարկվել էր նոր նախաքննության, իսկ ամբաստանյալները` ազատվել կալանքից:

2012թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողները, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխել էին և սպանության փոխարեն առաջադրել նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողների, այսինքն՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի մահը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների և տուժողի իրավահաջորդ Գ.Մելքոնյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի մարտի 26-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը։

Բողոքաբերները միջնորդում էին բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7 տարվա, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին` 8-ական տարվա ազատազրկման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ Ա.Հարությունյանը, Ա.Շահինյանը և Հ.Թադևոսյանը՝ միջնորդելով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 26-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

Ցուցադրել ավելի
Back to top button