ԿարևորՔաղաքական

Հայ- քուվեյթյան հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է մեր երկրում քառօրյա պաշտոնական այցով գտնվող Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հարցերը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատում հայ-քուվեյթյան համագործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական առումով: Միևնույն ժամանակ՝ խորհրդարանի ղեկավարը արձանագրեց, որ առկա է երկկողմ հարաբերությունների ակտիվացման, ամրապնդման և զարգացման մեծ ներուժ։

Իր հերթին  Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը խորին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց որ զգացել է երկկողմ հարաբերությունների ջերմությունը Հայաստան ժամանման առաջին իսկ պահից:

Անդրադառնալով հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ բարձրաստիճան հյուրը նշեց, որ  իր երկիրը ջանքեր չի խնայում արտերկրում ներդրումներ կատարելու հարցում, մասնավորապես, այն երկրներում, որտեղ հնարավորությունները շատ են: Ըստ Ալ-Ռաշիդի՝ Հայաստանը պատկանում է հենց այդ երկրների շարքին: Մասնավորապես՝ Քուվեյթի զարգացման հիմնադրամի միջոցներով հնարավոր է իրականացվի Մաստարայի ջրամբարի շինարարությունը:
Համապատասխան ծրագիր հիմնադրամին ներկայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից` 27 մլն ԱՄՆ դոլլար ընդհանուր գումարով, հայտնեց Հովիկ Աբրահամյանը: 

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները անդրադարձան նաեւ սիրիական դեպքերին՝ հանդես գալով խնդրի խաղաղ կարգավորման օգտին:

Ցուցադրել ավելի
Back to top button