Հասարակություն

Կոռուպցիոն ախտերը դատական համակարգում

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Մեր մոտ ինչպես աղանդավորները, այնպես էլ դատական համակարգը դարձել  է անձեռնմխելի, այսօր նման տեսակետ է հայտնել Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը։
Անցյալ տարի նոյեմբերին «Եհովայի վկաները» Եվրադատարանում հաղթեցին հերթական դատը: Վերջիններս  ՀՀ կառավարությունից  պահանջել են փոխհատուցում` իրենց իրավունքները ոտնահարելու համար:
Ալեքսանդր Ամարյանը նշում է, որ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեսակետը, թե պատճառը նրանց բանակում չծառայելու ցանկությունն է, սակայն, ըստ նրա, պատճառը դա չէ։

«Եվրոդատարանը որոշումը կայացրել է ոչ  թե 9-րդ հոդվածի խախտման համար, այլ 5-րդ հոդվածի`  քրեադատավարական օրենքի խախտում: Այստեղ մեղքը ոչ թե կառավարության և օրենքների չկիրառման կամ  կիրառման մեջ է, այլ իրավապահ մարմինների և դատական համակարգի ոչ ճիշտ գործողությունների»:

Ոչ ճիշտ դատավարության արդյունքում՝ այսօր ՀՀ կառավարությունը 114 հազար եվրո պետք է վճարվի Եհովայի վկաներին, 10 հազար եվրո դատարանի ծախսերի համար, իսկ եթե այս գումարներից առաջանում  են հարկային պարտավորություններ, պետք է վճարի նաև դրանք:

Ըստ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանի` այսօր դատավորների մեծամասնությունն ունեն իրենց իրավաբանական գրասենյակներն ու իրենց փաստաբանները, որոնց հետ էլ կատարում են գործարքները:

«Եթե գործը վերաբերում է ինչ- որ դատավորի, ապա ճիշտ քաղաքացին պետք է դիմի դրա փաստաբանին, որպեսզի գործը շահի, նույնիսկ այն դեպքում,եթե ինքը սխալ է։ Դա միջազգային նորմով համարվում է «սեւ փաստաբան»:

Սա նշանակում է, որ մեր մոտ դատական համակարգն անկախ չէ, և միաժամանակ ավելացնում, որ շատ դատավորներ էլ կան, ովքեր իրենց գործունեության մեջ շատ մաքուր են, սակայն եթե վերադասը պարտադրում է, ապա Արդարադատության խորհուրդը նրանց կամ պաշտոնանկ է անում, կամ կարգապահական տույժի ենթարկում։

Ասոցիացիան որոշել է իրենց ձեռքի տակ առկա բոլոր գործերը, որոնց դատը երկար տարիների պատմություն ունի և չի ստացել հանգուցալուծում, ներկայացնել իրավապահ մարմիններին ու երկրի ղեկավարին, քանի որ, ըստ Ամարյանի, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը ՀՀ նախագահն է: Կոռուպցիայի հիմնական մեխանիզմը իրավաբանական գրասենյակներն են, հեռախոսային  իրավունքը, դատավորների միջև անձնական կապերը և դատավորի անկախության վրա վերադաս մարմինների ոտնձգությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button