

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Գազի սակագնի բարձրացմամբ Ռուսաստանը հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը, այն է՝ Հայաստանին պահել իր ուղեծրում: Սա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դիտարկումն է` ի պատասխան հարցադրման, թե ինչու է ՌԴ-ն նման կերպ վարվում իր ռազմաքաղաքական գործընկերոջ հետ՝ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում:
Արամ Կարապետյանը բնական է համարում տեղի ունեցածն ու կատարվողը: Ըստ նրա` նույնիսկ ամենամոտ գործընկեր երկրներն են օգտվում իրենց հարևան երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, իսկ ճգնաժամային երեւույթներ նա տեսնում է Հայաստանում:
Կարապետյանը վստահ է` Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար անկարեւոր չեն: Հենց իր այս համոզմամբ էլ նա բացատրում է սեփական կանխատեսումը, թե Ռուսաստանը երկուստեք շահերից ելնելով ուժեղացնելու է ռազմական գործոնը Հայաստանում:
Բայց այստեղ կա մի «բայց». Կարապետյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարած անհասկանալի քաղաքականությունն է խանգարում: Ի վերջո` պետք է գիտակցել, որ բոլորի` եւ Ռուսաստանի, և Եվրամիության հետ լավ լինելու քաղաքականությունը չի հաջողվում, ուստի, ըստ Կարապետյանի, պետք չէ խճճել հայ-ռուսական հարաբերությունները:
Իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանին անհանգստանալու տեղիք չեն տալիս ոչ հետընտրական վիճակը, ոչ էլ գազի թանկացումը: Նա բնական է համարում հետընտրական կրքերի աստիճանական մարումն էլ, գազի թանկացումն էլ:
Հարությունյանը չի վախենում նաեւ նրանից, որ ընդդիմությունը հզորանալով կարող է մի օր իշխանության գալ և ստիպել իրենց` ներկա իշխանություններին, դառնալ ընդդիմություն:
Համլետ Հարությունյանը հետընտրական ներկա պասիվությունը բացատրում է նրանով, որ հոգնել են բոլորը` թե´ ընտրողները, թե´ ընտրվողները: Նրա կանխատեսմամբ` աշունն ավելի հետաքրքիր կլինի լրագրողների համար իր քաղաքական ակտիվությամբ:
Մինչ այդ, թերեւս ,ընդդիմությունն էլ կվերլուծի և կհասկանա իրենց անհաջողության պատճառները և կմշակի նոր մարտավարություն. ենթադրում է Հարությունյանը։
Գազը թանկացնելը Հարությունյանն ամենեւին էլ չի համարում պատժամիջոց Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ: Նա դա արտաքին քաղաքականության սխալների հետեւանք էլ չի համարում: