ԿարևորՀասարակություն

Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այսօր այցելել է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Տաճարում արքայազնին ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրել է Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձել է միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիկան Եկեղեցիների միջև առկա համագործակցությունը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և արքայազն Չարլզն այցելել են Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացել է Հայ Եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին:

Վեհափառ Հայրապետը և Ուելսի արքայազնը միասին շրջել են նաև Մայր Աթոռի տարածքում, այցելել Սբ Վարդան և Սբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը:

Ուելսի արքայազն Չարլզն եղել է նաև նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, տիար Արմեն Սարգսյանը, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները:

Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղել է նաև մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում և Ս. Հռիփսիմե վանքում:

Ցուցադրել ավելի
Back to top button