ԿարևորՀասարակություն

Քննարկվել են ռազմական հոգեբանության խնդիրները

Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովում: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ:

Բացման խոսքում ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը և գործնականորեն կիրառել այն ոլորտի կայացման աշխատանքներում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ ռազմական հոգանության ոլորտի զարգացումը իրականացվում է ռազմական բարեփոխումներ շրջանակներում և շարունակական բնույթ է կրելու. «Այսօր ՀՀ զինված ուժերում մենք գտնվում ենք հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ և հետևողական ջանքեր ներդնել, որպեսզի մինչև վերջ կարողանանք ձևավորել այս համակարգը: Արցախյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակը հոգեբանական մեծ առավելություն ունի, որը պետք է պահպանել»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ` հույս հայտնելով, որ դրանք բեղումնավոր արդյունքներ կտան:

Գիտաժողովում ելույթ է ունեցել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշել է, որ բարոյական խնդիրները մեր հասարակության անբաժանելի մասնիկն են կազմում, իսկ նախազորակոչային և զորակոչային փուլում երիտասարդների մոտ հոգեբանական խնդիրները բազմաթիվ են ու խոցելի: Արամ Սիմոնյանը նաև կարևորել է պաշտպանության նախարարության ջանքերը` զինված ուժերում ռազմական հոգեբանության խնդիրների լուծմանն ուղված հարցերում գիտուսումնական հաստատությունների հետ համագործակցելու ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button