Հասարակություն

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է

2001 թվականին ձևավորելով խաղաղապահ ուժերը` Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ: Դրանցից կարևորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին, հայտնում են ՀՀ ՊՆ- ից։

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվեց հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 12-րդ տարեդարձը: Օրվա միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգևատրվեցին «Բանակի ձեռքբերումների համար» մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խաղաղապահները պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան» և «Անբասիր ծառայության համար» գերատեսչական մեդալներով:
Պարգևները հանձնեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սիմսոնը: Բարձր գնահատելով ԱՄՆ զինծառայողների հետ կողք-կողքի խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինվորականների մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ ռազմական կցորդը նշեց, որ  իր համար պատիվ է ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության կողմից  մեդալներ հանձնել նրանցից առավել աչքի ընկածներին;

Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում տեղակայված կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի կազմում` իրենց ամենօրյա բարդ և պատասխանատու ծառայությամբ բարձր պահելով հայ զինվորականի  պատիվն ու հարգանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button