Հասարակություն

Հանձնվեցին ՀՀ նախագահի մրցանակները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների շնորհման նպատակներից մեկն է խրախուսել տարբեր բնագավառներում հաջողության հասածներին, որ կանգ չառնեն ձեռք բերած հաջողությունների վրա, անեն ավելին` ի փառս հայ ժողովրդի»,- դիմելով ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակաբաշխության հաղթողներին` իր շնորհավորական խոսքում այսօր նշեց նախագահ Սերժ Սարգսյանը։
Գիտելիք, ուսումնասիրություն, ստեղծագործական մղում. սրանք են այն ամենը, ինչ լավագույնս ներկայացրել են 12 մրցանակների արժանացած 22 անձինք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հովանավոր «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչ Ալբերտ Պողոսյանի խոսքով` նշված երեք հիմնարար սկզբունքներն են, որ օգնում են հասարակության առաջընթացին եւ առաջ մղում քաղաքակրթությունը։
Որոշումները կայացնում են տարբեր բնագավառների համապատասխան հանձնաժողովները: Միամտություն կլիներ կարծել, թե բոլոր ստեղծագործողները համաձայն են հանձնաժողովների որոշումների հետ, նկատեց Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը դա բնական է համարում: Նա կոչ է անում ստեղծագործողներին` լինել համբերատար ու հանդուրժող։
ՀՀ նախագահի 2012-ի մրցանակին արժանացել են ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր տարբեր բնագավառներում աչքի են ընկել իրենց առաջին աշխատանքներով:
Առանձնահատուկ խորհուրդ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով նախագահի մրցանակ շնորհելու փաստը: Այս անվանակարգում ՀՀ նախագահի 2012-ի մրցանակը շնորհվեց գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանին եւ հայկական սփյուռքի կարեւոր հաստատություններից մեկին` Զորյան ինստիտուտին:
«Ի դեմս տիկին Հոֆմանի` մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար»,- արձանագրեց Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանի գնահատմամբ` Զորյան ինստիտուտի աշխատանքում էլ արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին։ 
Զորյաի նախագահ Գուրգեն Սարգսյանը մրցանակը համարում է հաստատության անցած 30 տարիների աշխատանքային ձեռքբերումների ճանաչում։

Գերմանացի հայագետ, ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը 40 տարի իր ջանքերն է ներդրել բնագավառում եւ համոզված է` այն պետք է հիշվի ու դատապարտվի: Ասաց, որ իրեն ներշնչում է այն, որ Թուրքիայում ավելանում են սեփական երկրի անցյալի հետ հաշվի նստող քաղաքացիների թիվը, ովքեր զորակցություն են հայտնում ցեղասպանության զոհերի ժառանգներին:
Գերմանացի հայագետը, դիմելով միջոցառմանը ներկա գտնվող իր երկրի դեսպանին, նաեւ հույս հայտնեց, որ Գերմանիան հստակ օրենսդրական ձեւակերպում կտա Հայոց ցեղասպանությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button