Հասարակություն

Ըստ Ստամբոլցյանի՝ հունիսի 1- ը մանկապիղծների տոնն է

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Պետք է զգուշանալ Հայաստանում միջազգային տոներ նշելուց, այսօր հայտարարել է հասարակական- քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Իր ասածը նա բացատրել է աշխարհում մասոնական շարժման ակտիվացմամբ: Մասոնները, ըստ նրա, տարբեր կազմակերպությունների միջոցով, տարբեր տոների պատրվակով ներխուժում են մեր կենցաղ եւ վտանգում այն իրենց ազդեցությունը տարածելու ռիսկով: Ավելին` Ստամբոլցյանը նաեւ հայտարարել է, թե մասոններ կան մեր թե օրենսդիր, թե գործադիր մարմնում։
Խաչիկ Ստամբոլցյանի համոզմամբ` այսօր համաշխարհային բոլոր կազմակերպությունները` Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը մասոնական կառույցների հիմնարկներն են, որոնք գործում են խիստ կազմակերպված:
Ստամբոլցյանը վստահեցնում է` նույն հունիսի մեկին Հոլանդիայում նշում են «մանուկներով հմայվածների» կամ մանկապիղծների տոնը: Հոլանդիայում պաշտոնապես գրանցված կուսակցություն կա, ըստ նրա, որը կոչ է անում սկսել նոր շարժում։
«Այդ կուսակցության գաղափարախոսության մեջ է մտնում մանկահասակ երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալը, և դա կուսակցության առաջնորդն անձամբ է հայտարարել»,- ասաց Ստամբոլցյանը։
Ստամբոլցյանը կարծում է, որ Երեխաների պաշտպանության օր պետք է լինի, սակայն դա, ըստ նրա, չի նշանակում, որ երեխայի վրա բարկանալու համար պիտի ոստիկանություն դիմի, ինչպես դա անում են եվրոպական մի շարք երկրներում:
Ո՞րն  խնդրից ելքը: Բանախոսն ընդգծեց, որ մասոնների դեմ ակտիվ պայքար է տանում Մայր Աթոռը, և հենց հավատը և եկեղեցին պիտի լինեն այդ «սև ուժերի» դեմ անխոնջ պատերազմ մղողները:

Ցուցադրել ավելի
Back to top button