ԿարևորՀասարակություն

Արտագաղթի վանող եւ ձգող գործոնները.միակ ձգողը հայրենիքի կարոտն է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Արտագաղթի վերաբերյալ թվերը մտահոգիչ են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: 2007 թվականին արված հետազոտությունների արդյունքում` տարեկան միջին հաշվով արձանագրվել է, որ երկրից մեկնում և չի վերադառնում 30 հազար մարդ, որը, ժողովրդագրագետի խոսքով, մեծ ցուցանիշ է մեր նման փոքր երկրի համար:

Մարդահամարի տվյալներով` 2002- 2007 թվերին տարեկան միջին հաշվով երկրից գնում և չէին վերադառնում 30 հազար մարդ: Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի տվյալներով`տարեկան Հայաստանի բնակչության մեկ տոկոսը մեկնել է և չի վերադարձել: Մենք կորցնում ենք ակտիվ վերարտադրական տարիքի և աշխատանքային տարիքի բնակչություն, ասում է ժողովրդագրագետը: Աստվածաբան Վարդան Խաչատրյանի համար այս թվերը ողբերգություն են: Վերջինս նկատեց, որ պետք է դիտարկել դրա ողջ խորությունը:

Անարդարաթյուն, շատ և քիչ վաստակող խավերի բացարձակ աճող մկրատ. սրանք , ըստ աստվածաբան Վարդան Խաչատրյանի, այն գործոններն են, որոնց պատճառով այսօր արձանագրվում է արտագաղթի մեծ աճ: Վերջինիս խոսքով` հասարակության մեջ համաչափություն այլևս չկա և ստեղծված պայմանները տանում են դեստրուկտիվ իրավիճակի:

«Օրեր առաջ Բագրատաշենի մոտ ես տեսա մարդիկ, ովքեր շալակել են իրենց տան վերմակն ու դոշակը և ոտքով անցնում են Բագրատաշենը։ Դա իմ համար այլ բնույթի երևույթ է, որովհետև մարդիկ իսկապես գնում են, երբ դու տեսնում ես, թե ինչ են տանում իրենց հետ, դու արդեն պատկերացնում ես, որ չեն վերադառնալու»:

Ռուբեն Եգանյանն էլ նշեց, որ արտագաղթի առաջին պատճառը աշխատատեղերի բացակայությունն է, և երկրորդը` աշխատանքը պատշաճ գոյատևման հնարավորություն չի տալիս:
Միգրացիոն գործընթացները ձևավորվում են ձգող և վանող գործոնների փոխազդեցության պայմաններում: Մեզ մոտ, ըստ Եգանյանի, միակ ձգող գործոնը հայրենիքի կարոտն է:

«Մնացած բոլոր գործոնները` քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական գործոնները միակ վանող գործոններն են, և դրա արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք»:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button