Քաղաքական

ԱԳ նախարարն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոճենին:

Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կիսվեցին Լեռնային Ղարաբաղ իրենց այցի տպավորություններով:

Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը Ռենկուրը և Բեռնար Սոճենը վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերն ուղղված Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button