Հասարակություն

Հունիսի 10-ից մեկնարկում է գարնանային զինակոչը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հունիսի 10-ից մեր երկրում մեկնարկում է գարնանային զինակոչը, որի առանձնահատկությունները և նորամուծությունները «Ռադիոլուր»-ին ներկայացրել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Այս տարի գարնանային զորակոչը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 31-ը: Ինչպես  հայտնեց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, զորակոչման ենթակա են այն երիտասարդները, ում 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը և նրանք ում տարկետման իրավունքի ժամկետը սպառվել է: Այս զորակոչը կանցկացվի նոր չափանիշներով, նշեց մեր զրուցակիցը:

Զորակոչը կանոնավորված գործընթաց է և այստեղ հասարակության ուշադրությունից չվրիպել այն հանգամանքը, որ շատ խիստ չափանիշներ են դրվում արդարության և օրինականության սկզբունքները ապահովելու ուղղությամբ: Ինչպես նշեց Գեղամ Հարությունյանը, այդ առումով այս զորակոչը կշարունակի արդեն սկսված գործընթացը:

Գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մոտ օրերս ևս կստեղծվի հանձնաժողով, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Այս զորակոչին ընդառաջ հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի մինչև հունիսի 6-ը: Արդեն իսկ ստացվել է 6 դիմում-բողոք, որոնք կքննարկվեն և լուծում կստանան մինչև զորակոչի մեկնարկը:
Փաստացի, գարնանային զորակոչը անց է կացվում ամառային ամիսներին և չի բացառվում, որ աշնանային զորակոչը իրականացվի ձմռանը, նշեց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահը: Ըստ նրա, ամռան ամիսներին կատարված տեղաշարժը առաջին հերթին պայմանավորված է 12-ամյա կրթության հանգամանքով:

Բուհական քննությունների պատճառով է, որ այս զորակորի վերջնաժամկետ է հաստատվել հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 15-ը կրթության և գիտության նախարարությունը կառավարության համապատասխան որոշման համաձայն պաշտպանության նախարարությանը պետք է տրամադրի այն անձանց ցուցակը, ովքեր հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները և ստացել տարկետման իրավունք:

 

Ցուցադրել ավելի
Back to top button