Միջազգային

Հունիսի մեկից կդադարի գործել Սիրիային զենք մատակարարելու արգելքը

Եվրոպական Միության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են, որ Սիրիա զենք անհրաժեշտ է մատակարարել «միայն Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիայի ուժերին և բացառապես քաղաքացիական հասարակության պաշտպանության նպատակով», ասվում է ԵՄ Խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հայտարարության մեջ նշվում է նաև, որ միության անդամ երկրները 12 ամսով երկարաձգել են Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական, առևտրային և այցագրային պատժամիջոցները՝ «բացառությամբ զենք-զինամթերքի առևտրի և մատակարարման արգելքի, որը կարող է օգտագործվել ներքին բռնաճնշումների համար»։

Այսպիսով՝ պաշտոնապես զենքի էմբարգոն չի հանվել. այն ուղղակի չի երկարաձգվել։ Արդյունքում այդ արգելքը կդադարի գործել հունիսի 1-ից։ Միևնույն ժամանակ, ԵՄ երկրները պայմանավորվել են «այս փուլում» զենք չմատակարարել Սիրիային։

Նախարարները որոշել են վերադառնալ էմբարգոյի ռեժիմի թեմայի քննարկմանը մինչև օգոստոսի 1-ը և ամառային արձակուրդների սեզոնը՝ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցելու և Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան նախաձեռնության հետ կապված գործընթացների արդյունքների հիման վրա»։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգն առաջինն է նիստից հետո հայտարարել, որ ԵՄ-ն ընդունել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն հանելու որոշում։

Ցուցադրել ավելի
Back to top button