ԿարևորՔաղաքական

Ժողովուրդների մեջ ամենասրբազան բանը պետականությունն է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Քայքայված տնտեսությամբ երկիր, որտեղ բնակչության կեսից ավելին գաղթական էր, որբ, իսկ  հազարից ավելի մարդ զոհ գնաց սովին ու համաճարակին. այսպիսի պատկերով երկիր ժառանգեց Առաջին հանրապետության ղեկավարությունը: Նշանավոր գործիչներից Արամ Մանուկյանին ոչ միայն հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը, այլ նաև Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի հետ միասին կազմակերպեց առաջին կառավարության ստեղծումը: 

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով` Արամ Մանուկյանի  ներդրումը մեծ էր հայոց  առաջին պետականության ամրապնդման գործում:

Առաջին հանրապետության 4 վարչապետերի  օրոք ստեղծվեցին գործադիր և օրենսդիր իշխանությունն ու դատական  մարմինները: Ըստ Մինասյանի` Առաջին հանրապետության ժառանգորդը դարձան Երկրորդ և Երրորդ հանրապետությունները:
Չնայած Երկրորդ հանրապետությունը սահմանափակ էր,  իր արտաքին քաղաքականության ոլորտը տնօրինում էր Ռուսաստանը, սակայն Խորհրդային Հայաստանը հանրապետություն էր` իր դրոշով և գերբով, իսկ Երրորդ հանրապետությունը, որը  ստեղծվեց 1991 թվականին Առաջին հանրապետության նման  անկախ պետություն էր:  Պատմաբանի կարծիքով` Երրորդ հանրապետության ղեկավարությունը դասեր ունի քաղելու Առաջինից։

Մայիսյան հերոսամարտերը, որոնք ծնունդ տվեցին Առաջին հանրապետությանը,  հավաքական հաղթանակների հերոսամարտեր էին: Արամ Մանուկյանի կոչին միացել էին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն ու հասարակության բոլոր խավերը:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննսիյանի տեղեկացմամբ` հայկական կողմը միակն էր տարածաշրջանում, որը նվաճեց իր անկախությունը, այլ ոչ թե Ադրբեջանի և  Վրաստանի նման այն պարգև ստացավ:

«Այս թյուր կարծիքը, որ մեզ նվիրեցին այդ անկախությունը, վառ պտուղն էր խորհրդային և հատկապես նաև թուրքական պատմագրության, որ փորձում էին ներկայացնել իբրև Բաթումի պայմանագրի սկզբունքով  ստեղծված մի պետություն, որ մեզ Թուրքիայի կողմից տրվել էր նվեր, այնինչ՝ այդ մտքերի հեղինակողները մոռանում են, որ հենց մայիսյան հերոսամարտերի ժամանակ տեր կանգնեցինք մեր պետությանը և մեր ազգին»:

Պատմաբան Էդիկ Միանսյանի խոսքով` թուրքական պատմագրության մեջ երկար ժամանակ հայտարարում  էին, որ թուրքերը մեզ նվեր տվեցին Առաջին հանրապետությունը: Բաթումի պայմանագրով՝ թուրքերն առաջինը ճանաչեցին Հայաստանը իրավիճակի պայմանների թելադրանքով, ասում է նա և հավելում, որ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ իրականություն դարձավ ազատ և անկախ ապրելու դարավոր երազանքը:
Զուգահեռներ անցկացնելով  երեք հանրապետությունների միջև` ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննսիյանի կարծիքով` երեքի միջև  արտաքին նմանություններ կան, քանի որ  ինչպես Առաջին, այնպես էլ Երրորդ հանրապետությունը ծնվեց քաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակներում:

«Առաջին հանրապետության ծնունդն ուղեկցվում էր մեր ժողովրդի ապրած մեծագույն ողբերգությամբ` ցեղասպանությունը, ավերը, հայրենիքի կորուստը, հսկայական քանակությամբ  գաղթականությունը, որբերը: Ծանր վիճակ էր: Ես չեմ ուզում համեմատել, սակայն կան որոշ եզրեր, որոնք համեմատելի են։ Տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ծնունդը շրջափակման, դաժան տնտեսական ծանր վիճակի, արտագաղթի պայմաններում։ Վերականգնվեցին այնպիսի բառեր, որոնք թվում էր, թե դուրս են եկել մեր բառապաշարից»,- ասում է նա։

Ինչպես Առաջին, այնպես էլ Երրորդ հանրապետության ստեղծման պահին գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին այդ ծանր պատասխանատվությունը և հաղթահարեցին դրանք: Մենք օրինակ պետք է վերցնենք Առաջին հանրապետության անկման պատճառներից, ասում է պատմաբան Մհեր Հովհաննիսյանը։

 Առաջին մեծագույն դասը ներկայիս իշխանության և  ընդդիմության համար պետք է լինի այն, որ բոլորը տեսնեն, թե ինչ կարող է լինել պետության հետ, եթե չլինի միաբանությունը:

Պետրոս Հովհաննիսյանի ձևակերպմամբ`  ժողովուրդների մեջ ամենասրբազան բանը պետականությունն է և մենք ունենալով դա պետք է պաշտպանենք:  

 

Ցուցադրել ավելի
Back to top button